Ադրբեջանում քաղաքացիական հասարակությունն աջակցում է հայերին. Հիքմեթ Հաջի-Զադե (տեսանյութ)
Ռուսաստանում ադրբեջանական նախկին դեսպան, իրավապաշտպան Հիքմեթ Հաջի-Զադեն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությանն ու ներքաղաքական զարգացումներին: Настоящее время-ի հետ զրույցում նախկին դեսպանը հիացմունքով է արտահայտվել Հայաաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության մասին, հավելելով, որ ինքը ուշի ուշով հետևում է զարգացումներին և արձագանքներին:
«Կեցցեն հայերը դեպի ազատություն իրենց ձգտման համար: Անկախ մեր երկու պետությունների և հասարակությունների միջև եղած տարակարծություններից, ես կարծում եմ, որ կա ընդհանուր աջակցություն հայերի հանդեպ: Թող հայերը մյուս ժողովուրդներին էլ սովորեցնեն անարյուն փոփոխություններ իրականացնել»,- ասել է դեսպան Հաջի-զադեն, նկատելով, որ այն ինչ տեղի է ունենում Հայաստանում այսօր մի մշակույթ է, որը կարող է դրական անդրադառնալ նաև հայ-ադրբեջանական հակասությունների վրա: Անդրադառնալով այն հարցին, թե ինչպես են ընկալում Բաքվի կառավարող վերնախավում հայաստանյան իրադարձությունները և արդյոք կա վտանգի զգացողություն, նախկին դեսպանը ասել է, որ դեռևս վտանգի զգացողություն չկա «… սակայն հաշվի առնելով, որ Ադրբեջանում պետական ԶԼՄ-ները աշխատում են բրեժնևյան ոճով և մինչ որոշեն թե ինչը ոնց ներկայացնեն կամ հաղորդեն, արդեն ուշ կլինի, թեև ենթադրում եմ, որ չարախնդություն կլինի, թե տեսեք նրանք կործանվում են, սակայն դեմոկրատական և քաղաքացիական ճամբարներում Ադրբեջանում կա համընդհանուր աջակցություն հայերի հանդեպ, թե կեցցեք, ապրեք, որ գնում եք դեպի ազատություն»:
Նախկին դեսպանը նաև արձանագրել է, որ Անդրկովկասում Ադրբեջանը մնաց միայնակ իր դիկտատուրական ռեժիմով: Թբիլիսին ազատագրվեց, Հայաստանը ահա ազատագրվում է և ադրբեջանցիները նույնիսկ արդեն բարձրաձայնում են, որ Ղարաբաղը կանցնի այն կողմին, որը ավելի դեմոկրատական է, թեև թե ինչ կլինի, ապագան առհասարակ դեսպանը գնահատում է շատ մշուշապատ: Ամեն դեպքում նա համոզված է, որ անկախ այն հանգամանքից, ինչպիսին կլինեն զարգացումները հայ-ռուսական, հայ-թուրքական կամ հայ-ադրբեջանական հարթություններում, կարևոր է այն, որ ժողովուրդը իր խոսքն է ասել, այն ժողովուրդը, որը տասնամյակներով լռել է, այժմ իր հաստատուն խոսքն է ասել: