Նիկոլ Փաշինյանը և Սերժ Սարգսյանը հայտնվել են ռուսական ԶԼՄ-ներում ամենից շատ հիշատակված անձանց թոփ տասնյակում
Հայաստանի թավշյա հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը և Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ռուսական լրատվամիջոցներում ամենից շատ հիշատակված անձանց թոփ տասնյակում են հայտնվել: Այս մասին հայտնում է Rusarminfo-ն:
Ըստ հրապարակման, Интерфакс լրատվական գործակալությանը պատկանող Նորությունների սքանավորման համալիր վերլուծիչի տվյալները հուշում են, որ Սերժ Սարգսյանը ռուսական մամուլում ամենից շատ հիշատակված անձանց թոփ տասնյակում գրավել է 7-րդ հորիզոնականը՝ հիշատակվելով 34 273 անգամ, իսկ Նիկոլ Փաշինյանը՝ 9-րդ տեղը՝ հիշատակվելով 26 058 անգամ:
Ինչպես և կարելի էր կռահել, առաջին հորիզոնականում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն է: Տասնյակում են նաև Սիրիայի նախագահ Բըշար ալ-Ասադը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, նախկին հատուկ գործակալ Սերգեյ Սկրիպալը, գործարար Օլեգ Դերիպասկան և այլք: