Հատուկ ռեժիմ. կարևոր տեղեկություն Ռուսաստան մեկնող Հայաստանի քաղաքացիների համար
ՖԻՖԱ-ի 2018թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության անվտանգության միջոցառումներով պայմանավորված Ռուսաստանի որոշ քաղաքներում, որտեղ տեղի են ունենալու առաջնության հանդիպումները, 2018թ․ մայիսի 25-ից հուլիսի 25-ը ընկած ժամանակահատվածում մտցված է հատուկ ռեժիմ:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից հայտնում են, որ խոսքը հետևյալ քաղաքների մասին է՝
Վոլգոգրադ, Եկատերինբուրգ, Կազան, Կալինինգրադ, Մոսկվա, Նիժնի Նովգորոդ, Դոնի Ռոստով, Սամարա, Սանկտ Պետերբուրգ, Սարանսկ, Սոչի:
Հատուկ ռեժիմը ենթադրում է ՝
- oտարերկրյա քաղաքացիները, այդ թվում նաև ՀՀ քաղաքացիները, պարտավոր են ՌԴ վերոնշյալ քաղաքներ մուտք գործելուց հետո 24 ժամվա ընթացքում հաշվառվել ՌԴ ՆԳ նախարարության համապատասխան տարածքային մարմնում,
- սահմանափակվելու է նշված քաղաքներ ուղևորափոխադրող ավտոբուսների մուտքը,
- նշված ժամանակահատվածում խստացվելու է նաև միգրացիոն հսկողությունը:
«Հարգելի ՀՀ քաղաքացիներ, խնդրում ենք պահպանել ՌԴ տարածքում գտնվելու կանոնները. հիշեք, որ անգամ փոքր իրավախախտումները կարող են խիստ միջոցների կիրառման պատճառ դառնալ»,-ասված է հաղորդագրությունում: