Հայտնի սփյուռքահայերից ով ինչպես պահեց իրեն. BBC
BBC-ն բավական ուշագրավ ծաղկաքաղ է կազմել, ներկայացնելով, թե Սփյուռքի մեր աշխարհահռչակ հայրենակիցներից ով ինչպես պահեց իրեն: Պարբերականի ռուսական ծառայությունը գրում է, որ հայկական Սփյուռքը կազմում է մի քանի միլիոն մարդ, և մի շարք երևելի անձինք Սփյուռքից արտահայտվել են Հայաստանում վերջին օրերին տեղի ունեցող ներքաղաքական զարգացումների մասին, որոնց արդյունքում տեղի ունեցավ թավշյա հեղափոխությունը և Սերժ Սարգսյանը, ով երկար տարիներ իշխանության ղեկին էր, հեռացավ իշխանությունից: Այսպես, Արևմուտքում ապրող նշանավոր հայերը կամ աջակցում էին ցուցարարներին, կամ կոչ անում խուսափել բռնություններից: Ամենից հայտնի աջակիցներից էր System Of A Down խմբի ղեկավար Սերժ Թանկյանը, իսկ բռնություններից խուսափելու կոչ էր անում Շառլ Ազնավուրը: Ռուսաստանաբնակ երևելի հայերի տեսակետները երկու հստակ մասի էին բաժանվում: Մի մասը կողմնակից էր իշխանություններին, մյուսը՝ ցուցարարներին և ժողովրդին: Համապատասխանաբար՝ մի մասը քննադատում կամ դատապարտում էր նույնիսկ՝ ցուցարարներին, մյուսը՝ իշխող հանրապետականներին:
Սերժ Թանկյանի համար այն ինչ տեղի էր ունենում Հայաստանում, իսկական դեմոկրատիայի հաստատում էր: Ի սկզբանե նա մեկնաբանում էր համաժողովրդական ընդվզման շարժումը և քաջալերում մասնակիցներին, և նույնսիկ այն բանից հետո, երբ մայիսի մեկին հանրապետականները պառլամենտի հատուկ նիստում չքվեարկեցին Նիկոլ Փաշինյանի օգտին, նա չդադարեց իր քաջալերանքն ու դրվատանքը հայտնել ցուցարարներին և շարժման կողմնակիցներին ու աջակիցներին: Նույնպիսի վերաբերմունք դրսևորեցին նաև նրանց գաղափարակիցներ Արսինե Խանջյանը, Ատոմ Էգոյանը և այլոք, ովքեր նույնիսկ համատեղ հայտարարությամբ հանդես եկան:
Շառլ Ազնավուրի համար կարևոր էր, որ տեղի ունենար երկխոսություն ու բռնությունից ամեն գնով կողմերը խուսափեին: Աշխարհահռչակ հայկական արմատներով ֆրանսիացի շանսոնիեն Հայ ժողովրդի մեծագույն մեկենասներից է նաև, ով օգնել է Հայաստանին հետսովետական բոլոր տարիներին և պահպանել կապն իր պատմական հայրենիքի հետ: Ապրիլի քսանմեկին Ազնավուրը հանդես եկավ հայտարարությամբ, կոչ անելով երկխոսության: Նա նաև ասաց իր հայտարարության մեջ, որ թեև հեռու է Հայաստանից, սակայն իր սիրտն ու հոգին Հայաստանի հետ է: 94-ամյա երգիչն իրապես անհանգստացած էր և խորապես մտահոգված:
Ամերիկյան ռեալիթի շոուների գերաստղ Քիմ Քարդաշյանը Սերժ Սարգսյանի հրաժարականի հաջորդ օրը՝ ապրիլի քսանչորսին հանդես եկավ թվիթերյան գրառմամբ, որտեղ հայտարարեց, որ չափազանց ներշնչող է տեսնել, թե ինչպես աշխարհի բոլոր հայերը միավորվեցին և հասան փոփոխությունների:Այս գրառմանը կից նա հրապարակեց մի լուսանկար հայաստանյան իր այցելությունից, որտեղ նա այսպես կոչված ՀՀԿ տատիկի հետ էր: Հայաստանյան քաղաքական զարգացումների մասին Քարդաշյանը այլևս չխոսեց, սակայն չմոռացավ անդրադառնալ Հայոց Ցեղասպանության հերթական տարելիցի հիշատակի օրվա խորհրդին:
Ազգությամբ կամ ծագմամբ հայ նշանավոր մարզիկները Հայաստանի թավշյա հեղափոխությունից կարելի է ասել մնացին հեռու և չխառնվեցին որևէ քաղաքական հարցի: Այսպես, Հայաստանի թավշե հեղափոխությանն անհաղորդ մնացին ֆուտբոլիստներ Յուրի Ջորկաեֆն ու Ալեն Բոգոսյանը, ինչպես նաև արգենտինացի թենիսիստ Դավիդ Նալբանդյանը: Սակայն Ջորկաեֆն ու Նալբանդյանը ապրիլքսանչորսյան ավանդական թվիթների փոխանակում կատարեցին, օրվա խորհրդին համահունչ: Աշխարհահռչակ Շերը նույնպես Ցեղասպանության մասին խոսեց, սակայն ընթացիկ քաղաքական զարգացումների մասին՝ ոչ: Հենրիխ Մխիթարյանը ապրիլի քսաներեքին իր ֆեյսբուքյան էջում գրեց, որ հպարտ է, որ հայ է և կոչ արեց բոլոր տարաձայնությունները կարգավորել խաղաղ ճանապարհով, իսկ արդեն հաջորդ օրը կոչ արեց աշխարհի բոլոր երկրներին ճանաչել Հայոց Ցեղասպանությունը: Ի դեպ, Մխիթարյանը այնքան էլ Սփյուռքի ներկայացուցիչ չէ, քանի որ հայաստանցի է ով խաղում է արտասահմանում:
Կրեմլյան քարոզչամեքենայի մասն հանդիսացող քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը սուր քննադատության ենթարկեց ցուցարարներին, հրապարակելով բավական սուր արտահայտություններով հագեցած տեսանյութ: Հրատարակիչ Արամ Գաբրիելյանովն էլ իր ֆեյսբուքյան էջում շաբաթներ շարունակ առիթը բան չի թողնում Նիկոլ Փաշինյանին թիրախավորելու համար: Ինքնին հասկանալի է, որ այս երկյակի համար կարևորը հայ-ռուսական հարաբերություններն են ավելի շատ, քան Հայաստանի ապագան:
Ի տարբերություն պուտինյան վարչակարգի այս երկու կարկառուն ներկայացուցիչների, երաժիշտ պրոդյուսեր Ստաս Նամինը կողմ է արտահայտվել ժողովրդին, ուրախանալով, որ վերջապես Սարգսյանի վարչակազմը հեռանում է: Նույնպես երաժիշտ Արմեն Գրիգորյանը ևս ուրախացել է Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությամբ և կտրուկ հայտարարությամբ դեմ է արտահայտվել դիկտատորների հանցախմբին, ասելով, որ պարզապես լցվել էր ժողովրդի համբերության բաժակը: