Արմեն Ամիրյանը ծափերի ներքո հրաժաշետ է տվել մշակույթի նախարարության իր գործընկերներին (լուսանկարներ)
ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատարի լիազորությունները վայր դնելու մասին հայտարարած Արմեն Ամիրյանը մայիսի 3-ին հրաժեշտ տվեց նախարարության իր գործընկերներին, որոնց հետ փորձեց, ինչպես ինքն ասաց՝ անել առավելագույնը ոլորտում արմատացած խնդիրները լուծելու, հայ մշակույթն արժանի բարձրության վրա պահելու, աշխարհին այն արժանապատվորեն ներկայացնելու համար: Գործընկերներին հրաժեշտ տալու համար Արմեն Ամիրյանը եկել էր ընտանիքի՝ կնոջ ու կրտսեր դստեր հետ:
«Ցավոք, ավագ երեխաներս, թոռնիկս այստեղ չեն, այլապես նրանք էլ այստեղ կլինեին: Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեկ ու կես տարվա համատեղ աշխատանքի համար: Ես կարծում եմ, որ յուրաքանչյուրիս համար մեծ պատիվ է ծառայել հայ մշակույթին, ծառայել հայրենիքին: Ես այդ գիտակցությամբ եկա, և հուսով եմ, որ մենք միացանք այդ գիտակցությանը, և մեկ ու կես տարվա ընթացքում միասին կարողացանք աշխատել, արարել հենց այդ գիտակցությամբ»,- նշել է Ամիրյանը:
Նա ցավով է նշել, որ շատ գործեր իր հեռանալով կիսատ մնացին: «Բայց ես վստահ եմ, որ դուք շարունակելու եք այդ ծրագրերը՝ հասցնելով տրամաբանական ավարտին: Եվ վստահ եմ, որ այլևս որդեգրված է այն սկզբունքը, որը պահանջվելու է՝ բարձր հաշտվետվողականություն, ունենալու եք ստեղծագործ մտքեր, որոնք իրականացնելու եք ամենօրյա քրտնաջան աշխատանքով, և ամենակարևորը՝ հայ մշակույթն անպայման տանելու ենք արժևորման ճանապարհով»,- ընդգծել է նա:
Նա նաև ներողություն խնդրեց նախկին գործընկերներից. «Թերևս որոշ դեպքերում եղել եմ կոպիտ և կտրուկ, բայց հավատացե՛ք, որ դա եղել է հանուն գործի, հանուն այն նպատակի իրականացման, որը եղել է առաջնայինը իմ բոլոր ծրագրերի ու պատկերացումների մեջ: Ուզում եմ իմանաք, որ ցանկացած պահի պատրաստ եմ կանգնել ձեր կողքին՝ որպես ընկեր, որպես բարեկամ: Վստահ եմ, որ բարեկամական մեր հարաբերությունները շարունակվելու են շատ երկար»: