«Ծառուկյան» խմբակցության 31 պատգամավորից 27-ը ստորագրել է Փաշինյանին վարչապետ առաջադրելու ձևաթուղթը. Նաիրա Զոհրաբյան
«Ծառուկյան» խմբակցության 31 պատգամավորից 27-ը ստորագրել է Նիկոլ Փաշինյանին վարչապետ առաջադրելու ձևաթուղթը: Այս մասին այսօր՝ մայիսի 3-ին ԱԺ-ում լրագրողներին ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Ունենք բացականեր, ովքեր արտերկրում են, բայց հաշվի առելով «Ելք»-ի և ՀՅԴ-ի ստորագրությունները՝ կարծում եմ՝ մեկ երրորդ ապահովելու համար ավելի քան բավարար են «Ծառուկյան» դաշինքի ստորագրությունները»,- ասաց Զոհրաբյանը:
Նա նշեց, որ քաղաքականության մեջ մինչև վերջ ինչ-որ բանում վստահ լինել, հատկապես այս դեպքում, հնարավոր չէ, միաժամանակ, հույս հայտնեց, որ ՀՀԿ-ի երեկվա հայտարարությունը ենթադրում է, որ իրենք նույնպես սատարելու են ԱԺ պատգամավորների 1/3-ի կողմից առաջադրված վարչապետի թեկնածուին:
«Կարծում եմ, որ ցանկացած քաղաքական ուժ պետք է հարգի իր խոսքը, իր տեսակետը: Հույս ունենք, որ անակնկալ չի լինի, քանի որ կա՛մ դու գնում ես քո ժողովրդի կամքին հակառակ, պատերազմ ես հայտարարում քո ժողովրդին, կա՛մ այլ տարբերակ՝ փորձում ես համախմբմամբ, կոնսենսուսոով, միմյանց հետ երկխոսելով գտնել ստեղծված իրավիճակից արժանապատիվ ելքեր»,- հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը: