Արդարադատության նախարարությունը խնդրում է հավաքի մասնակիցներին չխոչընդոտել իր գործունեությունը
ՀՀ արդարադատության նախարարությունը տեղեկացնում է, որ Նախարարության մուտքի շրջափակումը սահմանափակում է Հայաստանի Հանրապետության այլ քաղաքացիների՝ ՀՀ արդարադատության նախարարության կողմից տրամադրվող մի շարք կարևոր և հրատապ ծառայություններ ստանալու հնարավորությունը: Այս մասին հայտարարություն է տարածել Արդարադատության նախարարությունը:
Հայտարարությունում նաև ասվում է.
«Տեղեկացնենք, որ ՀՀ արդարադատության նախարարության շենքում գործող ընդունարանը մատուցում է Քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտի մի շարք ծառայություններ, մասնավորապես, ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանքի տրամադրում, փաստաթղթերի միջազգային վավերացում (ապոստիլ), օտարերկրյա քաղաքացիների մասնակցությամբ ամուսնության թույլտվության վերաբերյալ տեղեկանքների տրամադրում և այլն:
Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ արդարադատության նախարարությունը խնդրում է հավաքի մասնակցիներին հարգել այլոց իրավունքները և չխոչընդոտել Նախարարության գործունեությունը»: