Թուրքիայի ՆԳ նախարարը խոստացել է պատժել հայկական եկեղեցու դեմ հարձակվողներին
Թուրքիայի ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարություն է տարածել Ստամբուլի Քադըքյոյի շրջանի հայկական Սուրբ Թագավոր եկեղեցու դեմ իրականացված ռասիստական հարձակման հետ կապված։
Թուրքիայի ՆԳ նախարարության Twitter-ի էջով ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, թե դեպքի հետ կապված հեռախոսազրույց է ունեցել Պոլսո հայոց փոխպատրիարք, արք․ Արամ Աթեշյանի և Սուրբ Թագավոր եկեղեցու հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Բուքուջույանի հետ։
«Սուրբ Թագավոր եկեղեցու դեմ հարձակումն անընդունելի է։ Մենք ամեն ինչ անելու ենք հայտնաբերելու և պատժելու հարձակումն իրականացնողներին»,-ասել է Թուրքիայի ՆԳ նախարարը։
Նշենք, որ Ստամբուլի Քադըքյոյի Սուրբ Թագավոր եկեղեցու դիմաց անհայտ անձը կամ անձիք աղբ են թափել և գրել․ «Էրզրում․ Սա մեր հայրենիքն»։