Մարդուն ասում են` չես կարող վարկդ փակել, արի նոր վարկ տանք. Փաշինյանը` վարկային բեռը թեթևացնելու մասին
ԱԺ-ն շարունակում է քննարկել ՀՀ վարչապետի ընտրության հարցը: Թեկնածուն «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն է: ՀՀԿ-ական պատգամավորչ Արամ Հարությունյանն անդրադարձավ Փաշինյանի ելույթի այն մասին, որտեղ նա խոսել էր վարկերից:
«Ձեր ելույթում անդրադարձ եղավ վարկերին և տոկոսադրույքներին, ինչպե՞ս եք դա պատրաստվում անել, ի՞նչ ժամկետներում և ի՞նչ միջոցներով»,- հարցրեց նա:
Հիշեցնենք, որ Փաշինյանը մասնավորապես ասել էր. «Բազմաթիվ վարկային կազմակերպություններ մարդկանց ոչ միայն վարկեր են տվել, այլ դրան գումարվել է տխրահռչակ վերխերի ինստիտուտը: Քաղաքացին ստիպված է եղել 20 տոկոսը նվիրել նրանց` վարկ ստանալու համար: Պետք է շուտափույթ լուծել այս խնդիրները և լուծել այնպես, որ բանկերն ու վարկային կազմակերպություններն էլ չտուժեն»:
Վարչապետի թեկնածուն նշեց, որ խնդիրն այնքան հրատապ է, որ դրա քննարկումները պետք է սկսել օր առաջ:
«Պետք է գնահատել խնդրի ամբողջական ծավալները. որպես պատգամավոր ինչքան էլ փորձել եմ հասկանալ խնդրի ծավալը, սակայն պաշտոնական պատասխանները չեն արձանագրում վիճակը և պատճառը ժամկետանց վարկերն են, որովհետև շատ դեպքերում մի վարկով փակված է մյուս վարկը: Ֆորմալ առումով այն գոյություն ունի մեկ այլ ընթացիկ վարկի մեջ, որը չի փակվել»,- բացատրեց նա:
Փաշինյանի կարծիքով` պետությունը և վարկային կազմակերպությունները պետք է բանակցեն, ինչը պետք է լինի մանրամասն պլանավորված գործընթաց:
«Պետությունը պետք է ի վիճակի լինի փոխահտուցել նաև վարկային կազմակերպությունների խելամիտ վնասը, սրա համար մեզ հարկավոր է պետբյուջեի եկամտային մասի կտրուկ մեծացում: Ես համոզված եմ, որ մենք դա կկարողանանք անել, որովհետև կան գաղափարներ, որոնք մեր մասնագետների վերլուծությամբ հնարավորություն են տալիս շատ արագ բյուջետային միջոցներն ավելացնել` առևտրային համկարգի փոփոխության մասին է խոսքը»,- շեշտեց նա:
Փաշինյանը պնդեց, որ պետք է այդ կազմակերպությունների խելամիտ ծախսերը փոխհատուցի, որպեսզի կարողանանք գյուղացիներին այդ բեռի տակից հանել:
«Այդ բեռի պատճառով մենք ունենում ենք չմշակված հողերի ընդլայնում, ինչը սպառնալիք է ՀՀ անվտանգությանը»,- հայտարարեց նա: Հարությունյանն էլ նշեց, որ ծավալային առումով բավականին խոշոր թիվ է: Ըստ նրա` ֆիզիկական անձանց մասով շուրջ 120 և ավել միլիարդ ցուցանիշ է:
«Պետությունը նույնպես անդրադառնում է այս խնդիրներին այս տարի 15 մլրդ սուբիսիդավորման մոտեցում կա այս առումով: Հասկանանք` ինչ է տեղի ունենալու, խոսքը մայր գումարներին է վերաբերում թե տոկոսադրույթներին»,- ասաց Հարությունյանը:
Փաշինյանը նշեց, որ ծավալներն ավելի մեծ են:
«Խոսքը փիլիսոփայական առումով վերաբերում է տույժ տուգանքներին, բայց մենք ունենք պռոբլեմ. ինքը դե յուրե գործող վարկ է, բայց դե ֆակտո տույժ տուգանք է: Մարդուն ասում են` չես կարող փակել, արի նոր վարկ տանք, որը ներառում է թե մայր գումարը, թե տոկսները, թե տույժ տուգանքները: Ի՞նչ մեխանիզմներով է պետք տարբերակել տույժ տուգանքն այս իրավիճակում: Վարկային պատմությունների ուսումնասիրությունները ցույց կտան այս ամեն ինչը: Նոր վարեկրի տրամադրումը, ի վերջո այդ մարդկանց սոցիալական վիճակի ուսումնասիրությունը, կարող է շատ էական պատկերացում տալ, թե ինչ է կատարվում, այստեղ կլիշե չկա, որ դրանով մոտենանք, որովհետև դեպքերը բազմազան են»,- հայտարարեց նա: