Եթե սուր զգացողություններ են ուզում, մենք դա կապահովենք. Դավիթ Սանասարյան
Դեռ ժամեր կան մինչև ԱԺ-ն կընտրեր վարչապետ, բայց Հանրապետության հրապարակը բազմամարդ է: Վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը երեկ կեսգիշերին քաղաքացիներին կոչ էր արել հավաքվել հանրապետության հրապարակում, քանի որ տեղեկություններ ուներ՝ հանրապետականները տապալելու են ԱԺ արտահերթ նիստը:
Անկախ հանրապետականների հայտարություններից և մեծամասնություն լինելուց՝ «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը վստահ է՝ Հայաստանը ունենալու է նոր վարչապետ.
«ժողովուրդը տվել է նրա անունը՝ դա Նիկոլ Փաշինյանն է: Իրենք վերջին ճիգերն են անում խաղալու հայ ժողովրդի կամքի հետ, մենք դա թույլ չենք տալու, հնարավոր է մի քանի օր էլ շարունակեն, բայց հետո ավելի ցավոտ է լինելու: Եթե սուր զգացողություններ են ուզում, մենք դա կապահովենք»:
Քաղաքացիներն անհանգստացած էին, որ ՀՀԿ-ն չի ընտրի իրենց թեկնածուին, ուստի Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը զգուշացրեց. «Հրապարակում ցանկացած կոչեր տեղաշարժվելու, գործողություն անելու չեն բխում մեր շահերից: Չենք ենթարկվում նրանց: Դուք ինքներդ տեղում բացատրեք, կամ մեզ տեղեկացրեք դրա մասին»,- ասաց նա: