Բա ի՞նչ էիք ուզում, առանց ծրագիրը լսելո՞ւ որոշում կայացնեին. Մարուքյանը` ՀՀԿ-ի հայտարարության մասին
Կոչ եմ անում քվեարկել հանուն կայունության, հանուն այս ճգնաժամի լուծման, հանուն մեր պետության հետագա զարգացման, հանուն այսօրվա քաղաքացիական զարթոնքի կապիտալիզացիայի. խորհրդարանում լրագրողներին ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Նա հույս հայտնեց, որ այսօր իր գործընկներները կանեն այս քայլը:
«Այսօրվա քվեարկությունը շատ կարևոր է, մենք իրավունք չունենք այս կուտակված հույսերը թողնել և ևս 7 օր ունենանք նույն իրավիճակը: Սա պետք է ավարտվի և պետք է ավարտվի Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրելով»,- ասաց նա:
Մարուքյանը միևնույն ժամանակ նշեց, որ ՀՀԿ-ն հրաշալի ընդդիմություն կլինի, ավելին՝ արդեն իսկ կա:
«Երեկվա հարց ու պատասխանը դրա վառ վկայություն էր, շատ պատրաստված ու պրոֆեսիոնալ էին: Նախանձելի ընդդիմություն է»,- ասաց Մարուքյանը:
Անդրադառնալով ՀՀԿ-ի այն հայտարարությանը, որ նախ պետք է իմանան Փաշինյանի ծրագիրը, հետո որոշեն` ինչպես քվեարկել, Մարուքյանն ասաց. «Նորմալ է, բա ի՞նչ էիք ուզում, առանց ծրագիրը լսելո՞ւ որոշում կայացնեին: Շատ նորմալ հայտարարություն են արել, դա նշանակում է, որ կլսեն և կընտրեն, ոչ մի խնդիր չեմ տեսնում»: