Մեկ ժամ՝ Եղիշե Չարենցի անվան տուն-թանգարանում (լուսանկարներ)
«Մա՜մ, նայիր նրա գլխարկն ու բաժակներն են,- հանճարի իրերով հիացած ասում է 11-ամյա Անին, ով առաջին անգամ Եղիշե Չարենցի տուն-թանգարան էր եկել մայրիկի հետ,- Մենք դպրոցում «Գազել մորս համար» բանաստեղծությունն ենք անցել ու անգիր սովորել:
Փոքրիկ Անիի մայրիկը՝ 34-ամյա Արուսը, պարզաբանում է, որ դստեր համադասարանցիները մարտի 13-ին՝ գրողի 120-ամյակին, դասղեկի հետ այցելել էին տուն-թանգարան, իսկ Անին հիվանդ էր ու շատ էր տխրել, որ չի եղել թանգարանում: «Ու արձակուրդը սկսվելուն պես ամեն օր ասում էր. «Մա՜մ, արի գնանք, ե՞րբ ենք գնալու»: Այսօր վերջապես կարողացանք գալ»,- նշում է Արուսը:
Չարենցի և նրա գրական գործունեության հանդեպ հանրության շրջանում հետաքրքրության պակաս երբեք չի զգացվել: Նա իր բանաստեղծական ձիրքով գերում է բոլորին՝ փոքրից մեծ: Այդ պատճառով Եղիշե Չարենցի տուն թանգարանը՝ բանաստեղծի կյանքի, գրական-մշակութային, հասարակական-քաղաքական գործունեության ուսումնասիրման գիտական կենտրոնը, հատուկ նշանակություն ունի յուրաքանչյուր հայի համար մի պարզ բացատրությամբ. այստեղ է 1935-1937 թվականներին ապրել 20-րդ դարի հանճարեղ բանաստեղծը:
Թանգարանն իր դռները ժողովրդի առջև բացեց 1975 թվականի հունվարին: 1987թ-ին Չարենցի ծննդյան 90-ամյա հոբելյանի առթիվ շենքը ենթարկվեց մասնակի փոփոխության և կառավարության որոշմամբ թանգարանային տարածքն ընդլայնվեց: Այսօր վերականգնված է հուշատունը՝ մեմորիալ մասը, իսկ հիմնական ցուցադրությունը զբաղեցնում է երեք հարկաբաժինները: Թանգարանում հավաքված են Չարենցի շուրջ 5300 անձնական իրեր, իսկ ցուցանմուշների ընդհանուր թիվը հասնում է 15 000-ի:
«Այցելուները հիմնականում դպրոցականներ են, այսինքն՝ դպրոցում կրթական ծրագրի շրջանակում անցնում են բանաստեղծի գործերը և հիմնականում որոշում հաճախել»,- նշում է տուն-թանգարանի գլխավոր ֆոնդապահ, PR տնօրեն Ելենա Մկրտչյանը՝ հավելելով, որ թանգարանը մեծահասակ այցելուների պակաս ևս չի ունենում:
Թանգարանը կազմակերպում է նաև ցուցահանդեսներ, գրական-երաժշտական երեկոներ, դասախոսություններ, թեմատիկ դասեր, համերգ-հանդիպումներ, պոեզիայի օրեր, շնորհանդեսներ և այլն:
Այս տարի լրանում է Չարենցի հոբելյանական 120-ամյակը: Տուն-թանգարանը մարտ ամսին հատուկ միջոցառումներ էր կազմակերպել, դե իսկ ողջ տարվա ընթացքում հանրությանը կներկայանա նոր նախաձեռնություններով: Ելենա Մկրտչյանի խոսքով՝ գլոբալ ծրագրային աշխատանքներ են կատարվում 120-ամյակի հետ կապված:
«Թանգարանային կյանքը բավականին ակտիվացել է այս տարի: Դա կապված է մի շարք փոփոխությունների հետ, մասնավորապես՝ ղեկավարության փոփոխություն է եղել, որը նոր նախաձեռնումներով, նոր մոտեցումներով է հանդես եկել»:
Ըստ տուն-թանգարանի գլխավոր ֆոնդապահի՝ նոր տնօրենն ավելի մոդեռն տարբերակով է փորձում ներկայացնել թանգարանը, որպեսզի այն ավելի հետաքրքիր լինի երիտասարդ սերնդի համար: «Օրինակ՝ փոխել ենք թանգարանի ցուցադրությունը, իսկ «Golden tulip Yerevan»-ում մի քանի ամիս առաջ բացվեց Չարենցի անվան սենյակը, որը Չարենցի հետ կապված է այնքանով, որ նա երկար տարիներ ապրել է այդ հյուրանոցում, որը ժամանակին «Ինտուրիստ» է կոչվել: Իսկ հիմա թանգարանի տնօրենի նախաձեռնությամբ հյուրանոցում ստեղծվել է Չարենցի անվան սենյակը, որտեղ կան նաև Չարենցի հետ կապված որոշ իրեր, որոնք մշտապես այնտեղ են լինում,- փաստում է տուն-թանգարանի աշխատակիցն ու հավելում, որ կան նոր ծրագրեր՝ բավականին գլոբալ, որոնք հնարավորին չափով փորձում են իրականացնել:
Չարենցի իրերը կամ նրա մասին նոր տեղեկություններ հայթայթելը, պարզվում է, դժվար գործ է: «Դա այդքան էլ հեշտ չէ, որովհետև Չարենցը բավականին կարճ կյանք է ունեցել և միայն այդ պատճառով արդեն իսկ պատմական ակնարկը ավելի կարճ ժամանակահատվածի հետ է կապված, բայց, միևնույնն է, կատարվում են աշխատանքներ ինչ-որ նոր բաներ հայթայթելու, նոր ինֆորմացիա ձեռք բերելու համար»,- հավելում է Ելենա Մկրտչյանը:
Թանգարանի առաջին հարկում ժամանակավոր ցուցադրությունների սրահն է: «Իմ թոռնիկի նկարներն էլ կան ցուցադրված, եկել ենք տեսնելու, սակայն այս թանգարանում շատ անգամներ ենք եղել: Ես Չարենցին միշտ էլ առանձնահատուկ կերպով եմ սիրել, դրա համար այս թանգարան այցելել եմ բազմիցս»,- հպարտությամբ ասում է Նորա տատիկը:
Տուն-թանգարանում կցուցադրվի Հրաչյա Թամրազյանի «Մահվան տեսիլ» ֆիլմը, որը ներկայացնում է Եղիշե Չարենցի կյանքի վերջին տարիները:
Գոհար Միրզոյան