Մենք ունենք կադրային բազա, բայց չենք գալիս կադրային ջարդ անելու. Փաշինյանը՝ նոր կառավարության կազմի մասին
Կառավարության ապագա կազմը կձևավորվի՝ կախված նրանից, թե վաղը քվեարկությունն ինչպիսի քաղաքական պատկեր կստանա, ՀՀԿ խմբակցության հետ զրույցում ասաց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Խոսրով Հարությունյանի այն հարցին, թե ովքեր են լինելու փոխվարչապետերն ու նախարարները, մասնավորապես՝ Պաշտպանության նախարարը:
Փաշինյանի խոսքով՝ այդ հարցին պատասխանելու համար պետք է արձանագրվի այն հենարանը, որն ուղղակի կամ անուղղակի դառնալու է վարչապետի ընտրություն իրականացնող. «Քվեարկությունից հետո կարձանագրվի այդ շրջանակն ու կառավարության կազմը պետք է ձևավորվի այդ շրջանակի հետ քննարկումների արդյունքում», - նշեց Փաշինյանը:
Նա նաև նկատեց, որ իրենք ունեն իրենց կադրերը, մինչդեռ բոլորովին էլ նպատակ չունենք կադրային ջարդ իրականացնել.
«Մենք ունենք կադրային բազա, բայց չենք գալիս կադրային ջարդ անելու, «ոչ մերոնքականներին» «մերոնքականներով» փոխարինելու: Ձեր հարցի պատասխանը կախված է վաղվա քվեարկությունից», - հավելեց նա: