Հայաստանում լրջագույն ներդրումներ են արվելու. Փաշինյան
Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն այսօր՝ ապրիլի 30-ին, խորհրդարանում ՀՀԿ-Փաշինյան հանդիպմանը բարձրացրեց «Նաիրիտ» գործարանի վերագործարկման հարցը:
«Գաղտնիք չէ, որ շարժման հիմքում կան սոցիալական արմատներ, ժողովրդին հուզում է, թե երբ են իրենք լավ ապրելու: Դուք բազմիցս հնչեցրել եք աշխատատեղերի ստեղծման, արտադրություններ ստեղծելու հարցերը: Այս շարժման պատճառով տնտեսությունը 2 ամսով հետ է ընկնում: Եվ ե՞րբ է աշխատելու «Նաիրիտ» գործարանը»,- վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին դիմեց Գագիկ Մելիքյանը:
Փաշինյանը նշեց, որ «Նաիրիտի» վերաբերյալ հարցին չի կարող պատասխանել, քանի որ փորձագիտական մակարդակով չի տիրապետում այդ խնդրին: Անդրադառնալով տնտեսության վերաբերյալ Գագիկ Մելիքյանի կանխատեսումներին՝ Փաշինյանը նշեց. «Երբ արդարության և օրենքի առաջ բոլորի հավասարության պայմաններն ապահովեն, ապա համոզված եմ, որ Հայաստանում լրջագույն ներդրումներ են արվելու առաջին հերթին հայկական շրջանակներից: Բաց թողնված ամեն օրը շատ արագ կփոխհատուցվի»:
ՀՀԿ խմբակցության քարտուղարը, սակայն, չհամաձայնվեց. «Առաջիկա 7-8 տարիներին ժողովուրդը լավ ապրելու մասին չպետք է մտածի»: Փաշինյանն էլ հորդորեց հուսահատություն չսերմանել. «Եթե մինչև հիմա չի հաջողվել մի բան, չի նշանակում, որ չի հաջողվելու նաև սրանից հետո: ՀՀ տնտեսության զարգացման հիմնական խոչընդոտը արդարության և օրենքի իշխանության բացակայությունն է: Դրանք հաստատելու դեպքում կապահովվի Հայաստանի կայուն զարգացումը: Վայրկյան անգամ չեմ կասկածում, որ տեսնելու ենք շատ լուրջ արդյունքներ: Փոխվել է մարդկանց տրամադրությունը, երկրի տրամադրությունը, ապրելու արարելու, աշխատելու տրամադրությունը կկանխորոշի հետագա զարգացումը: Համոզված եմ, որ արագ դրական փոփոխություններ են լինելու»: