Կարեն Կարապետյանի թիմը կարողացավ բիզնես միջավայրը լավացնել, պայքարել կոռուպցիայի և ստվերի դեմ, դա պետք է գնահատել. Գագիկ Մակարյան
Կարեն Կարապետյանի թիմի և կառավարության աշխատանքը շատ կարևոր էր այս անցումային շրջանում, լրագրողների հետ հանդիպմանը, գնահատելով Կարեն Կարապետյանի ղեկավարած գործադիր մարմնի աշխատանքը, ասաց Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը։
«Իրենք կարողացան բիզնես միջավայրը լավացնել, բավական վճռական դիրքերով սկսեցին պայքարել կոռուպցիայի և ստվերի դեմ, դա անպայման պետք է բարձր գնահատել», - ասաց նա:
Բացի այդ, ըստ Գագիկ Մակարյանի, դրեցին որոշակի ծրագրերի հիմք, որոնք կարող են տնտեսությունն էլ ավելի զարգացնել՝ հատկապես էներգետիկայի և գյուղատնտեսության բնագավառում։
«Մենք պետք է հաշվի առնենք, որ կառավարության բուն ծրագիրը 5 տարով է և մեկ տարին դեռ չի լրացել։ Մենք խոսում ենք ընդամենը մեկ տարվա մասին և իմ կարծիքը մնում է դրական», - եզրափակեց խոսքը նա: