«Մեր դեմ խաղ չկա» համակարգի ողնաշարը համատեղ ուժերով ջարդելու արժանապատիվ հնարավորություն է ստեղծվել. Զոհրաբյան
Մենք ունենք պայհմանավորվածություն շատ մանրամասներ չհրապարակել, մինչդեռ որևէ գաղտնի բան չի քննարկվել, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նա ընդգծեց, որ իրենք որևէ նախապայման չեն դրել:
«Մենք վստահ ենք մի բանում, որ «մեր դեմ խաղ չկայի» արմատավորված համակարգի ողնաշարը համատեղ ուժերով ջարդելու արժանապատիվ հնարավորություն է ստեղծվել և պիտի առանց որևէ նախապայմանների միավորել մեր ուժերը հանդուրժողականության մթնոլորտում», - ասաց նա:
Զոհրաբյանը նաև անդրադարձավ արահերթ ընտրությունների անհրաժեշությանն ու ընտրական օրենսգիրքը փոխելու անհրաժեշտությանը:
«Հասկանալի է, որ արտահերթ ընտրություններ պիտի լինեն, բայց բոլորս էլ պետք է հասկանանք, որ արտահերթ ընտրությունը մեկ ժամում կազմակերպելու խնդիր չէ, առաջին լրջագույն քայլը, որ պիտի անենք, ընտրական օրենսգիրքը բարեփոխելն է», - ասաց նա:
Դիտարկմանը` հնարավո՞ր է, որ կոալիցիոն կառավարություն կազմելու հարցը քննարկվի, Զոհրաբյանն ասաց.
«Դուք հիմա տալիս եք հարցեր, որոնք քննարկելը այս պահին բացարձակապես կոռեկտ չէ: Ամսի 1-ից հետո մենք կարող ենք պատասխանել ձեր բոլոր հարցերին», - ասաց նա:
Հարցին, թե արդյոք վաղը քվեարկությանը «Ծառուկյան» խմբակցության բոլոր պատգամավորները ներկա կլինեն քվեարկությանը, Զոհրաբյանն ընդգծեց, որ Հայաստանից բացակայող պատգամավորներն այս պահին ԱԺ քարտուղարության հետ փորձում են կազմակերպել օրենքով սահմանված կարգով իրենց քվեարկությունը` թողնելով գրություն:
Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ երեք խմբակցության մեջ կա կոնսենսուս և Հանրապետականը, ինչպես և խոստացել էր, չի խոչընդոտի վարչապետի ընտրությունների անցկացմանը: