Ինչպե՞ս է վարվելու Փաշինյանն իրեն սատարող օլիգարխների հետ. «Մեղմացման մասին չէ խոսքը»
Երբ կգա այդ հարցը քննարկելու ժամանակը, կքննարկենք։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 30-ին, ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ընդդիմադիր շարժման առաջնորդ, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք արտահերթ խորհրդարանական ընտրություններին «Ելք» դաշինքով են մասնակցելու, թե առանձին:
Լրագրողները հիշեցրեին, որ ժամանակին ինքը բազմաթիվ քննադատական ելույթներ է ունեցել տարբեր անձանց, նրանց կարողությունների, եկամուտների մասին, իսկ այժմ կարծես մեղմացում է նկատվում, Փաշինյանը նկատեց. «Մեղմացման մասին չէ խոսքը, երբ մենք իշխանություն ներկայացնենք, իշխանության թևերի տարանջատումը ամենակարևոր սկզբունքներից մեկն է, երբ նույն մարդը համ վարչապետ է, համ դատավոր, համ դատախազ համ քննիչ, համ օպերատիվ աշխատող, այդ ժամանակ է պրոբլեմները սկսվում: Ես կարծում եմ, որ իշխանության դերը իշխանության մարմինների թևերի բնականոն գործունեությունն ապահովելն է: Դրա քաղաքական պատասխանատվությունը ընկնում է կառավարության վրա։ Մնացած գործառույթները պետք է այդ մարմիներն իրականացնեն։ Ես երաշխավորում եմ, որ իշխանության տարանջատման սկզբունքը կպահպանվի, ես չեմ պատրաստվում վարչապետի կարգավիճակում լինել և վարչապետ, և դատավոր, և դատախազ, և քննիչ և ՔԿՀ պետ»:
Նա հայտարարեց, որ երաշխավորում է, որ բոլորը հարկային դաշտում հավասար կլինեն. «Ես հիմա ձեր ներկայությամբ չեմ կարող բոլոր նշանակումները, բոլոր փոփոխություններն անել»: