Ռուսաստանի հայերի միությունը և նրա նախագահ Արա Աբրահամյանը ոչ մի հայտարարություն չեն արել Հայաստանի ներքաղաքական իրավիճակի մասին
Ռուսաստանի հայերի միությունը (ՌՀՄ) և նրա նախագահ Արա Աբրահամյանը ոչ մի հայտարարություն չեն արել միության կամ անձամբ նրա անունից Հայաստանի ներքաղաքական իրավիճակի մասին: Այդ մասին РИА Новости-ին հայտարարել է միության փոխնախագահ Հերման Անանյանցը:
«Աբրահամյանի անունից, ՌՀՄ-ի անունից ինչ-որ մեկը ելույթներ է ունենում, որոնց մասին մենք ավելի ուշ ենք իմանում, ցավոք: Սա իսկական սադրանք է: Եթե հայերի միությունը հայտարարություններ է անում, մենք միշտ տեղյակ ենք դրա մասին, մենք գիտենք՝ ինչի մասին, ինչ, և որտեղ », - ասել է Անանյանցը:
Ինչ վերաբերում է Հայաստանում իրավիճակին, ապա Անանյանցն ընդգծել է, որ «դա այլ պետություն է, դա Ռուսաստան չէ»: «Մենք հնարավորինս քիչ ենք միջամտում այդ գործընթացին : Այսօր իրավիճակն այնտեղ շատ ծանր է, շատ բարդ», - ասել է միության փոխնախագահը:
Բացի այդ, միության կայքում տեղադրվել են «ՌՀՄ-ի անունից հայկական լրատվամիջոցներում շահարկումների առնչությամբ» մամուլի ծառայության բացատրությունները:
«Հրավիրում ենք լրատվամիջոցների, ինչպես նաև հասարակության ներկայացուցիչների ուշադրությունը. Ռուսաստանի հայերի միության ցանկացած պաշտոնական հայտարարություն, այդ թվում` Հայաստանում իրավիճակի վերաբերյալ, միշտ հրապարակվում են մեր կազմակերպության www.sarinfo.org պաշտոնական կայքում: Խնդրում ենք այն հայտարարությունները, որոնց սկզբնաղբյուրը Ռուսաստանի հայերի միության պաշտոնական կայքը չէ, չգնահատել որպես իրականության և մեր կազմակերպության հետ կապ ունեցող հայտարարություններ», - ասվում է մեկնաբանության մեջ:
Հայաստանի իրավիճակի հետ կապված Միության վերջին հայտարարությունը տեղադրվել է ուրբաթ: Դրանում իշխանության կամ ընդդիմության օգտին կոչեր չկան:
Բացի այդ, միությունը հույս ունի, որ Հայաստանի քաղաքական ուժերը մի կողմ կդնեն իրենց նեղկուսակցական շահերը և առաջնորդվելով ազգի և պետության ռազմավարական առաջնահերթություններով, մայիսի մեկին արժանի ընտրություն կկատարեն, որը համապատասխանում է հայ ժողովրդի սպասելիքներին»:
Հայերի միությունը հայտարարել է, որ կաջակցի այն վարչապետին, որը կընտրվի Ազգային ժողովի կողմից՝ Սահմանադրության նորմերին համապատասխան: