Վաղը՝ ժամը 12:00-ից, ՀՀ ողջ տարածքում վերսկսում են քաղաքացիական անհնազանդության զանգվածային գործողությունները. Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց վաղվա անելիքները (ուղիղ)
Նիկոլ Փաշինյանը Վանաձորում ներկայացրեց վաղվա անելիքները:
«Չնայած պրոցեսները ընթանում են մեզ համար բարենպաստ ճանապարհով, վաղը՝ ժամը 12:00-ից, ՀՀ ողջ տարածքով, Երևան մայրաքաղաքում վերսկսում են քաղաքացիական անհնազանդության զանգվածային գործողությունները: Բոլոր ուսումնական հաստատությունները հայտարարում են դասադուլ, բոլոր ճանապարհները փակվում են: Էն օրը Ալավերդուց պատվիրակություն էր եկել ասում էր՝ ուզում ենք երկաթուղին փակել: Վաղը՝ ժամը 12-ին, փակվում է ամեն ինչ, ինչ-որ կարող է փակվել: Այս բոլոր ակցիաները տեղի են ունենում մեկ պահանջով` ժողովրդի թեկնածուին անհապաղ ընտրել ՀՀ վարչապետ»,-ասաց նա և նշեց, որ վաղը՝ երեկոյան ժամը 19:00-ին, Հանրապետության հրապարակում տեղի է ունենում մինչև հիմա կայացած ամենա-ամենահզոր հանրահավաքը:
Նիկոլ Փաշինյանը կոչ արեց ժամը 12-ին փակված ճանապարհները բացել 16:00-ին, են, որ ժողովուրդը կարողանա անարգել գալ Հանրապետության հրապարակ:
«Ես հերթական անգամ ուզում եմ այս ամբիոնից ներողություն խնդրել այն բոլոր քաղաքացիներից, ովքեր մինչև այժմ կարողացել են անտարբեր մնալ այս իրադարձությունների նկատմամբ և նախընտրում են ֆուտբոլ, կինո նայել: Ես ներողություն եմ խնդրում բոլոր անհարմարությունների համար, բայց մենք դա համարձակվում ենք անել, որովհետև խորապես ենք համոզված, որ դա անում ենք այնպիսի Հայաստանում, որտեղ դուք ձեզ իրապես ազատ ու երջանիկ եք զգալու և ձեր երեխաները նույնպես»,-ասաց նա և խնդրեց չբարկանալ, չնեղանալ:
Շարժման առաջնորդը նշեց, որ որևէ լկտիություն, ուրիշին վնաս տալու որևէ գործողություն չի կարող կապված լինել շարժման հետ :
Հանրահավաքը ավարտվեց երթով: