Ես նաև քայլող հիշողություն եմ... ապրող պատմություն. Պարույր Սևակ
Եվ ա՛յն հասկացա,
Ո՜վ Ազատություն,
Որ կարծեմ շատ ես դու նման աղի.
Ես չեմ որոնում։
Որոնում է նա,
Ով կամենում է ինչ-որ բան գտնել։
Իսկ ես... չգիտեմ, թե ինչպե՞ս գտնեմ
Իմ ունեցածը ցույց տալու հնար։
Եվ սխալ է, որ մենք վայրկյաններով
Ժամն ենք չափում: ճիշտը հակառակն է գուցե՝
Կարճ ժամերով չափել վայրկյանները երկար...
Ա՜յ թե հնար լիներ չզգալ նաև,
Որ աչքերն են մարդու ամենաթաց տեղը...
Երջանկությո՛ւն, թող որ նայեմ ջինջ աչքերիդ,
Ու թարթիչներըդ թող բնավ չթարթըվեն:
Հիմա արդեն բաժանված ենք: Էլ ո՛չ մի հարց,
Էլ ո՛չ մի խաղ, ո՛չ մի կասկած մեզ չի տանջում,
Բաց աչքերով մեզ նայելիս՝ ի՜նչ վերադարձ,
Բայց աչքը փակ մենք իրար ենք դեռ անրջում..
Ու վիճակվեց... ապրել մեկըս մեկից բաժան,
Մեկըս մեկի համար, առանց մեկըս մեկի,
Քեզ՝ չազատվել երբեք այս կարոտից դաժան,
Ինձ՝ չքայլել երբեք ձեռքս տված ձեռքիդ...