Փաշինյանը խոսեց հետագա անելիքների մասին
Խոսելով անելիքների մասին Նիկոլ Փաշինյանը նախ նշեց, որ այսօր և վաղը ողջ հանրապետության տարածքում դադարեցրել են քաղաքացիական անհնազանդության գործողությունները: «Դա արել ենք երկու պատճառով, որպեսզի մեր շարժման մասնակիցները երկու օր հանգստանալու հնարավորություն ունենան, որովհետև վաստակել են դա, երկրորդը, եթե ճանապարհները փակ լինեին, ոնց էինք գալու Գյումրիում»,-ասաց նա և նշեց, որ վաղը հանարահավաքը կլինի Վանաձորում:
«Ամսի 29-ից բոլոր գործողությունները սկսվում են կրկնակի թափով և կրկնակի ծավալներով, իսկ մայիսի 1-ին առավոտյան ժամը 8-ին բոլորս հեղեղում ենք Երևան մայրաքաղաքի փողոցները»,-ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս հանրահավաքը պատմական հանրահավաք է, որովհետև գյումրեցիները նշեցին, որ արցախյան շարժումից հետո երևի թե ամենահզոր հանրահավաքներից մեկն է, եթե ոչ ամենահզորը:
«Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդը նշեց, որ երթը սկսելուց առաջ ցանկանում է խոնարհվել այն մայրերի, քույրերի, եղբայրների, որդիների, դուստրերի առաջ, ովքեր անձրևի տակ այսօր ճանապարհ երկայնքով կանգնած սպասում էին ասելու, որ իրենք հաղթել են և իրենք ունենալու են ազատ և երջանիկ Հայաստան: «Ես ուզում եմ խոնարհվել մեր բոլորի առաջ, որովհետև մենք հուսահատության պահին կարողացանք կերտել ազգային միասնության մի փառապանծ ժամանակ: Մենք ապացուցեցինք, որ հայ ժողովուրդը ՀՀ-ն երկիր մոլորակի վրա պետք է գոյություն ունենա հավիտյան և պետք է լինի հզոր ու հաղթանակած պետություն ու ժողովուրդ»,-ասաց նա:
Նշենք, որ Գյումրիում հանրահավաքն ավարտվեց երթով: