Սփյուռքը հետևում է հայաստանյան բոլոր գործընթացներին, բայց սփյուռքն էլ իր մեջ վախ ունի. Արսինե Խանջյան
Աշխարհահռչակ կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը ևս ելույթ ունեցավ Վարդանանց հրապարակում: Նա նշեց, որ իր համար դժվար էր արտահայտել իր զգաղողությունները վերջին օրերին հայ ժողովրդի արածի վերաբերյալ:
«Ես այսօր եկել եմ այստեղ, որպեսզի մաշկիս վրա զգամ մեր ազգի արածը, շնորհավորում եմ ձեզ»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ իրենց երկար ժամանակ փորձում էին համոզել են, որ սփյուռքը պետք է մասնակցի Հայաստանի զարգացմանը:
«Մենք միշտ համոզված ենք եղել, որ պետք է մասնակցենք, բայց չենք իմացել, թե ինչպես պետք է մեր մասնակցությունը ցույց տանք: Ճիշտ է, որ մենք միշտ ձեզ թիկունք լինենք, և ոչ թե մենք այդ փոփոխությունը բերենք, որովհետև այսօր դուք եք որ հաղթել եք, փոփոխություն բերել և անկախությունը իսկապես դրոշմել Հայաստանում»,- ասաց նա:
Նա շնորհակալություն հայտնեց շատ սփյուռքահայերի անունից, սփյուռքահայերի, բայց ոչ թե սփյուռքյան կառույցների, կազմակերպությունների անունից:
Աշխարհահռչակ դերասանուհին շնորհակալություն հայտնեց նաև Ատոմ Էգոյանի, Սերժ Թանկյանի, Վահե Բերբերյանից, Արա Նազարյանի անունից:
Նրա խոսքով՝ ժողովուրդը հաղթեց պայքարում, բայց հաղթեց Նիկոլ Փաշինյանի շնորհիվ, նրան լսելով: «Լսեցիք նրան: Իսկապես մարդկային խոսքով, առանց վայրագ գործողությունների նա կարողացավ բոլորին միացնել»,-նկատեց նա:
Արսինե Խանջյանի խոսքով՝ սփյուռքն իսկապես ներկա է և հետևում է հայաստանյան բոլոր գործընթացներին, բայց, նրա բնորոշմամբ, սփյուռքն էլ իր մեջ վախ ունի: «Պետք է դուք քաջալերեք սփյուռքին, որ չվախենա այլևս: Մենք կարող ենք անկախ երկիր ունենալ՝ առանց օտար երկրների մասնակցության: Կարևորը ներքին անկախությունն է մեր հոգու մեջ, մեր կամքի մեջ, և մենք այսօր իսկապես ազատ, անկախ Հայաստան ենք»,- ասաց նա: