Գյումրիում արդեն մեկնարկել է հանրահավաքը (ուղիղ)
Գյումրիի Վարդանանց հրապարակում սկսվել է Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հանրահավաքը: Առաջինը ելույթ է ունեցել «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը: Նրա բնորոշմամբ՝ հեղափոխությունը մոտենում է իր հաղթական ավարտին:
«Ահագին բան ենք արել բոլորս միասին, բայց դեռ գործ կա. չթուլանալ, չհոգնել, պայքարել մեր բոլորիս ազատությունների և արժանապատվության համար: Տարակույս չունեմ, որ մենք ունենալու ենք մեր ազատ և արդար Հայաստանը»,- ասաց նա:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Գևորգ Լորեցյանն էլ, դիմելով «թասիբով գյումրեցիներին», նշեց, որ Հայաստանի ժողովուրդը վերջապես ազատագրվեց իր վախից և հիասթափությունից և ձայն բարձրացրեց՝ տեր կանգնելով իշխանությանը, որն արդեն երկար տարիներ որոշ քրեաօլիգարխիկ տարրեր խլել էին իրենցից:
Մեր այս հաղթական արշավի առաջին օրից մենք ասել ենք, որ չկա ատելություն, կա միայն սեր: Այս մասին ասաց քաղաքացիական ակտիվիստ Դավիթ Սանասարյանը Գյումրիում ընթացող հանրահավաքին:
«Կա սեր մեր ժողովրդի, երկրի, մարդու հանդեպ և այդ սերը քայլ առ քայլ, կաթիլ առ կաթիլ հանդիպել է բոլորին, բոլորից ստացել է սեր և դարձել է մեծ ալիք և սրբել տարել է այն մի փոքր ատելությունը, որ մնացել էր մեր երկրում»,-ասաց նա:
Դավիթ Սանասարյանը նշեց, որ իրենց թիկունքում բացառապես հայ ժողովուրդն է և չի կարող այլ պետություն խառնվել մեր ներքին գործերին: