Կրեմլում հույս ունեն, որ Հայաստանում քաղաքական համաձայնություն ձեռք կբերվի
Կրեմլում հույս ունեն, որ Հայաստանում քաղաքական ուժերի միջև համաձայնություն ձեռք կբերվի: Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Դուք գիտեք, որ բանակցություններ են ընթացել գերատեսչությունների մակարդակով, եղել է նաև հեռախոսազրույց, ինչպես դուք բոլորովին ճիշտ նշեցիք: Այդ շփումը հիմնականում կենտրոնացած է եղել Հայաստանում առաջացած ճգնաժամային իրավիճակի շուտափույթ կարգավորման անհրաժեշտության ուղղությամբ:
Կարգավորումը, անկասկած, պետք է լինի սահմանադրական շրջանակներում այնպես, որ համաձայնություն գտնվի բոլոր շահագրգիռ կողմերի միջև: Այժմ բոլորս սպասում ենք և հետևում ենք վարչապետի ընտրություններին, որոնք կկայանան խորհրդարանում մայիսի 1-ին»,- ասել է Պեսկովը:
Պատասխանելով լրագրողի նկատառմանն առ այն, որ Հայաստանի ԶԼՄ-ները հայտնում էին Մոսկվայից Հայաստան ժամանած ռուս պաշտոնյայի մասին, Պեսկովն ասել է.«Ես չունեմ որևէ տեղեկություն, ձեզ ոչինչ չեմ կարող պատասխանել»: