Վաղը՝ ժամը 12:00-ին, Կարեն Կարապետյանին հրավիրում եմ «Մարիոթ»՝ սկսելու բանակցային գործընթացի 2-րդ փուլը. Նիկոլ Փաշինյան
Մենք չենք գնալու որևէ կուլիսային պայմանավորվածության. ի գիտություն ժողովրդի՝ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
«Նաև այն պատճառով, որ այս պրոցեսի գործող առանցքային անձը ոչ թե այս հարթակն է, այլ հրապարակում կանգնած ժողովուրդը, որևէ գործարք չի կարող կատարվել ժողովրդի թիկունքի հետևում»,-ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Ես կամ վարչապետ կընտրվեմ ժողովրդի միջոցով, պահանջով ու աջակցությամբ, կամ էլ ՀՀ-ում ընդհանրապես վարչապետ չի ընտրվի: Հստակ արձանագրենք, մեր այս ոգեղեն շարժման որևէ արժեք մի միլիմետր անգամ չպետք է տուժի և որևէ մեր ձեռբերում մեր բարձությունից մի միլիմետր անգամ չենք իջնելու, մենք բարձրանալու ենք, և մեզ հետ բարձրանալու է ՀՀ-ն: Մենք ակնկալում ենք, որ խորհրդարանական բոլոր խմբակցությունները ժողովրդի հաղթանակը ճանաչեն անվերապահորեն, առանց նախապայմանների, ուրիշ տարբերակ չկա, որովհետև ժողովուրդը հաղթել է և հաղթանակը պետք է արձանագվի նաև դե յուրե»,-ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ ԱԺ-ում վարչապետի ընտրությունը տեղի է ուենալու մայիսի 1-ին:
«Մենք հավաքում ենք մեր ուժերը, կենտրոնացնում, որովհետև մեր քայլի, արշավի հաջոդ փուլը մայիսի 1-ն է և մայիսի 1-ին ՀՀ ժողովուրդը պետք է ցուցադրի իր հզորությունն ամբողջ թափով»,-ասաց նա և նշեց, որ որ որևէ անձ ՀՀ-ում չպետք է ունենա իշխանություն:
Նա նշեց որ ՀՀԿ-ն կուսակցական ժողով է արել Սերժ Սարգսյանի մասնակցությամբ և եկել ընդհանուր հայտարարի, որ Կարեն Կարապետյանին լիազորեն որպես բանակցող:
«Մենք այդ որոշումն ընդունում ենք ի գիտություն, և ինչպես և նախկինում, պատրաստակամություն ենք հայտնում բանակցային գործընթացը շարունակել մեր առաջարկած օրակարգի շրջանում: Ես վաղը ժամը 12:00-ին Կարեն Կարաետյանին հրավիրում եմ «Մարիոթ»՝ սկսելու բանակցային գործընթացի 2-րդ փուլը»,-ասաց նա:
Փաշինյանը շեշտեց, որ ունեն մեկ կոնկրետ պայման, ինչպես Սերժ Սարգսյանի հետ բանակցությունները, Կարեն Կարապետյանի հետ բանակցությունը նույնպես ծայրից ծայր պետք է տեղի ունենա լրագրողների ներկայությամբ, որ հանրությունը տեղյակ լինի, թե ինչ են քննարկում: