Մենք չենք հաղթել դևին, որ նոր դև դառնանք ժողովրդի գլխին. Արարատ Միրզոյան
Ժողովուրդը հաղթել է, բայց այդ հաղթանակն ուզում են խլել։ Այդ մասին Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքում հայտարարել է ԱԺ պատգամավոր Արարատ Միրզոյանը։
«Երեկ և այսօր Հայաստանում տոտալ քաղաքական առևտուր է ընթանում։ Պողոս Պետրոսի հետ է հանդիպում, Պետրոսը՝ Մարտիրոսի, հետո գալիս են, մեզնից են պաշտոններ ուզում։ Լավ, միթե չեն հասկանում այդ մարդիկ, թե ինչ է ուզում ժողովուրդը։ Մեզ հետ պետք չէ սակարկել։ Մենք չենք ուզում մարդկանց փոխել մարդկանցով, մենք ուզում ենք փոխել համակարգը։ Մենք ուզում ենք փոխել խաղի կանոնները, արժեքներն ու համակարգը»,- ասել է Միրզոյանը։
Նրա խոսքով, «մենք չենք հաղթել դևին, որ նոր դև դառնանք ժողովրդի գլխին»։
«Մի կարճ անթաքույց ուղերձ ՀՀԿ-ին և մյուս քաղաքական ուժերին։ Հանրապետական կուսակցությունը, այդ կուսակցության առանձին անհատներ ունեն մեկ արժանապատիվ ելք՝ քվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին:»,- նշել է Միրզոյանը և հավելել. «Որևէ այլ գործարք, որևէ այլ թեկնածություն, որևէ այլ արդյունք կլինի ոչ լեգիտիմ»։
Այս լուծումը, ըստ Միրզոյանի, ժամանակավոր է։ «Կառավարությունը, որը պիտի գլխավորի Փաշինյանը, ժամանակավոր է։ Նա պիտի շտկի իրավիճակը, որից հետո պիտի լինեն ողջամիտ, հասկանալի ժամկետներում արդար խորհրդարանական ընտրություններ։ Եվ այնժամ, խնդրեմ, մրցակցեք»,- ասել է նա։