Ուֆայի ռեստորանում 5 հայ է մահացել
Բաշկիրիայի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Ուֆայի «Պրիստան» ռեստորանային համալիրում հինգ մարդու մահվան դեպքի առթիվ: Այս մասին գրում է MK.ru-ն:
Հաղորդվում է, որ ապրիլի 13-ին ռեստորանի աշխատակիցներից մեկն առանց պաշտպանիչ դիմակի իջել էր ռեստորանի դիտահորը՝ ջուրը փակելու համար, սակայն չէր կարողացել դուրս գալ այնտեղից՝ ուշագնաց լինելու պատճառով: Գործընկերոջն օգնելու համար դիտահոր են մտել ևս հինգ հոգի, ովքեր ևս կորցրել են գիտակցությունը:
Ռեստորանի չորս աշխատակիցներ մահացել են տեղում, ևս երկու տուժողի բժիշկները հասցրել են հիվանդանոց, որտեղ նրանցից մեկը մահացել է:
Նշվում է, որ մահվան պատճառ է հանդիսացել գազից թունավորումը:
«Պրիստան» ռեստորանը պատկանում է տեղի հայկական սփյուռքին, բոլոր մահացողները ազգությամբ հայեր են:
Մեղավորներին սպառնում է ազատազրկում՝ մինչև 4 տարի ժամկետով: