Մինսկում կայացել է Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառում
Մինսկի Սբ Ալեքսանդր Նևսկու եկեղեցու բակում տեղադրված խաչքարի մոտ Բելառուսում Հայաստանի դեսպանությունը տեղի հայ համայնքի աջակցությամբ ապրիլի 24-ին կազմակերպել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում, որին ներկա էին ԲՀ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, դեսպանության անձնակազմը, Բելառուսում հայ համայնքային կառույցների ղեկավարներ և համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:
«Հանդես գալով ելույթով, դեսպան Եսայանը նշեց, որ 103 տարի առաջ Օսմանյան կայսրության կողմից ծրագրված հայ ազգի ոչնչացումն իր նպատակին չհասավ, և հայ ազգն այսօր էլ հզոր է և միասնական: Դեսպանն իր ելույթում ընդգծեց, որ հայ ժողովուրդը երբեք չի դադարի պայքարել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման համար, որպեսզի մարդկության դեմ նման հանցագործություններն այլևս երբեկ չկրկնվեն:
Եզրափակելով իր խոսքը, դեսպան Եսայանը շնորհակալություն հայտնեց բոլոր այն երկրներին, որոնք ճանաչել և դատապարտել են 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը: Ելույթներով հանդես եկան նաև Բելառուսում հայ համայնքի կառույցների ղեկավարները»,- նշվում է հաղորդագրության մեջ: