Ինչ ազդեցություն է ունեցել Կարեն Կարապետյանը տնտեսության վրա. վարչապետության երկու տարիները՝ թվերով
Վերջին օրերին Հայաստանում տիրող ներքաղաքական իրադարձություններից հետո, ինչպես արդեն գիտենք, Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց և այժմ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը Կարեն Կարապետյանն է: Կարեն Կարապետյանը վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 2016 թ-ի սեպտեմբերի 13-ից և պաշտոնավարել մինչև 2018թ-ի ապրիլի 17-ը:
Եթե ներկայացնենք Կարեն Կարապետյանի պաշտոնավարած նախորդ ժամկետը թվերով, ապա պետք է փաստել, որ 2017 թվականին երկրում գրանցվել է 7.5 տոկոս տնտեսական աճ, որը ի դեպ ամենաբարձրն է տարածաշրջանում, ԱՊՀ-ում և ԵԱՏՄ-ում: Սա այն դեպքում, երբ 2016թ-ի բյուջեի պլանավորման ժամանակ նախատեսված է եղել ապահովել 3.2 տոկոս տնտեսական աճ: 7.5 տոկոս տնտեսական աճի հետ մեկտեղ արդյունաբերության աճը կազմել է 12.6 տոկոս, առևտրաշրջանառության աճ՝ 14 տոկոս, ծառայությունների աճ՝ 14.4 տոկոս, տուրիզմի աճ՝ 18 տոկոս:
2017 թ. գրանցվել է անկախությունից ի վեր արտահանման ամենաբարձր ցուցանիշը՝ 2.2 մլրդ ԱՄՆ դոլարի արտահանում, այսինքն, արտահանումն ավելացել է 25.2 տոկոսով, ներմուծումն աճել է 27.8 տոկոսով, իսկ արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է շուրջ 26.9 տոկոս:
Պետք է փաստել նաև, որ կիսանախագահական երկրում վարչապետի լիազորությունները զգալիորեն պակաս են՝ ի տարբերություն վարչապետական կառավարման համակարգի և ըստ այդմ, նրա վերահսկողության տակ գտնվող գերատեսչությունների վրա ունեցած դերը՝ սահմանափակ: