Ո՞վ է Ալեք Մինասյանը, և ինչո՞ւ սպանեց 10 անձանց Կանադայում (տեսանյութ)
Կանադայի ոստիկանությունը հարցաքննում է 25-ամյա այն երիտասարդին, որը վրաերթի է ենթարկել տասնյակ անձանց։ Ապրիլի 23-ին Տորոնտո քաղաքում, մոտ մեկ կիլոմետր մեկ ընդ մերթ անցնելով մայթի վրայով, ոմն Ալեք Մինասյանի վարձակալած ավտոմեքենայի հարվածներից զոհվել է 10 մարդ, 15 այլոք՝ ստացել մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ։ Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»:
Տարբեր երկրների մի շարք լրատվամիջոցներ, ինչպես օրինակ անգլիական «Միռոր» պարբերականը, գրում են, որ «Մինասյանը սովորաբար հայկական ազգանուն է»։ Նույն թերթը ընդգծում է, որ այս գործողությունից մեկ օր անց «Եվրասիական այս երկիրը նշում է Հայոց ցեղասպանության տարելիցը»։
Սակայն որեւէ փաստ չկա, որն ապացուցեր որեւէ առնչություն այս երկու իրադարձությունների միջեւ։ Մինասյանը ձերբակալվել է ոստիկաններից մեկի հետ լարված դիմակայությունից հետո։ Ոստիկանն արժանացել է գովասանքի՝ ձերբակալությունն առանց հրազենային կրակ արձակելու համար, երբ Մինասյանն ըստ երեւույթին եղել է զինված ու ոստիկանի ուղղությամբ պահել ինչ-որ մի առարկա, հավանաբար՝ ատրճանակ։
Սպանդն իրականացնողը բղավել է «սպանեք ինձ», սակայն՝ ենթարկվել գետնին պառկելու ոստիկանի հրամանին։ Մինասյանին ձերբակալել են առաջին ահազանգը ստացվելուց 26 րոպե անց։