Հալեպահայերը ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը (տեսանյութ)
Հալեպահայերը Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի կապակցությամբ ոգեկոչման արարողություն են իրականացրել՝ ի հիշատակ սրբադասված նահատակների: Նրանք Սիրիայի և Հայաստանի դրոշները ձեռքերին տարբեր վանկարկումներ են իրականացրել` այրելով թուրքական ապրանքատեսակների պիտակները: Այնուհետև մասնակիցները խարույկի մեջ են նետել եղեռնագործ թուրք փաշաների կերպարով տիկնիկը:
Ապրիլի 24-ին նաև Հալեպի ազգային գերեզմանատանը մատուցվել է Սբ պատարագ և նահատակների բարեխոսության կարգ: Պատգամել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Բերիո թեմի առաջնորդ Տեր Շահան արքեպիսկոպոս Սարգսյանը:
Օսմանյան կառավարության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության փաստը հիմնավորվել է, ճանաչվել ու հաստատվել ականատեսների վկայություններով, օրենքներով, բանաձևերով և բազմաթիվ նահանգների ու միջազգային կազմակերպությունների որոշումներով: 1915թ. Օսմանյան կայսրությունում հայ բնակչության մասսայական կոտորածները որպես նախապես ծրագրավորված ու ամբողջությամբ իրագործված ցեղասպանական ակտ որակող փաստաթղթերի ամբողջական շարքը հսկայական է: Հայոց ցեղասպանությունն ընդունել են այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի մի քանի հանձնաժողովներ, Եկեղեցիների համաշխարհային միությունը, Հարավային Ամերիկայի խոշորագույն կազմակերպություններից մեկի` ՄԵՐԿՈՍՈւՐ-ի խորհրդարանը և այլն: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են շատ պետություններ. առաջինը պաշտոնապես ընդունել է Ուրուգվայը 1965 թ.: Հայ ժողովրդի կոտորածը պաշտոնապես դատապարտել և ճանաչել են որպես ցեղասպանություն` ըստ միջազգային իրավունքի, հետևյալ երկրները` Ֆրանսիա, Իտալիա, Բելգիա, Նիդեռլանդներ, Շվեյցարիա, Շվեդիա, Ռուսաստան, Լեհաստան, Լիտվա, Հունաստան, Սլովակիա, Կիպրոս, Լիբանան, Ուրուգվայ, Պարագվայ, Արգենտինա (2 օրենք, 5 բանաձև), Վենեսուելա, Չիլի, Բոլիվիա, Կանադա, Վատիկան, Ավստրիա, Լյուքսեմբուրգ, Գերմանիա, Չեխիա, Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգը, ԱՄՆ նահանգներից 48-ը՝ բացի Ալաբամայից և Միսիսիպիից: