Այսօր հայ դրամատուրգ Ժիրայր Անանյանի ծննդյան օրն է
Ժիրայր Հրայրի Անանյանը ծնվել է 1934, հուլիսի 14-ին: Հայ դրամատուրգ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1980-ից։
Ծնվել է ՀԽՍՀ Շամշադինի շրջանի Բերդ ավանում (այժմ' քաղաք)։ 1952-ին ավարտել է Երևանի Մ. Մալբանդյանի անվան միջնակարգ դպրոցը, 1958-ին' Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի պատմա-բանասիրական ֆակուլտետը։ 1959-80-ին աշխատել է ՀԽՍՀ հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեումէ սկզբում որպես խմբագիր, ավագ խմբագիր, ապա' գրականության և արվեստի բաժնի վարիչ։ Նրա առաջին պիեսը «Դիպլոմի համար», բեմադրվել է 1956-ին Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի ուսանողական բեմում։
Ժ. Անանյանի «Տաքսի, տաքսի» («Սերը ճամպրուկի մեջ») կատակերգությունը բեմադրվել է Արտաշատի Ա. Խարազյանի անվան (1973), Ստեփանակերտի Մ. Գորկու անվան, Թբիլիսիի Ս. Շահումյանի անվան (1974), Երևանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի (1978), Ղափանի Ալ. Շիրվանզադեի անվան (1983) պետական թատրոններում։ Նույն դրաման տեղ է գտել «Տեատր» հանդեսի 1973-ի Խորհրդային Միության պետական թատրոնների բեմերում մեկ խաղաշրջանում 100 անգամից ավելի ներկայացված պիեսների ցանկում։ 1978-ից Երևանի Հ. Պարոնյանի անվան թատրոնն անընդմեջ ներկայացնում է նրա կատակերգությունները։ 1979-ին Արտաշատի Ա. Խարազյանի անվան թատրոնը բեմադրել է նրա «Անծանոթ ամուսիններ» կատակերգությունը։ Ժիրայր Անանյանի «Իմ տունը քո տունը չէ» («Հեռախոսային զանգ», «Բնակարանամուտ») պիեսը բեմադրել է Լենինականի Ա. Մռավյանի անվան, Արտաշատի Ա. Խարազյանի անվան, Երևանի Գ. Սունդուկյանի անվան ակադեմիական (1983) պետական թատրոններում։
Երևանի Գ. Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի՝ 1989-90-ի խաղացանկում միաժամանակ ներկայացվել են նրա երեք պիեսներ՝ «Իմ տունը քո տունը չէ», «Իրարանցում», «Կարուսել»։ «Կարուսել» և «Տաքսի, տաքսի» կատակերգությունները 1989-ին հյուրախաղերի ժամանակ ներկայացվել են ԱՄՆ-ում։ Հ. Պարոնյանի անվան թատրոնը երկրորդ անգամ «Տաքսի, տաքսին» ԱՄՆ-ում ներկայացրել է 1994-ին, իսկ «Ես եմ, եկել եմ» («Կարուսել») կատակերգությունը՝ 2001-ին Իրանում։
Երևանի Գ. Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնում 1992-ին տեղի է ունեցել դրամատուրգի «Իմ տունը քո տունը չէ» պիեսի 500-րդ ներկայացումը, իսկ «Տաքսի, տաքսի» կատակերգության 500-րդ ներկայացումը 1993-ին կայացել է Երևանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում, 600-րդը՝ 1997-ին։ Մահացել է 2004, ապրիլին: