Կախարդական ձայնը.մի սիրո պատմություն
Նա գրավեց իմ սիրտը առաջին իսկ հնչյունից: Սխալմամբ հավաքած հեռախոսահամարը ճակատագրական դարձավ իմ համար: Ընկերուհուս ձայնը լսելու փոխարեն մի անծանոթ երիտասարդ պատասխանեց: Թվում էր, թե այդ պահին տեսա նրան: Նրա ձայնի կախարդական ելևէջները ստիպեցին ինձ մի պահ լռել: Հասկացա, որ սխալ եմ զանգահարել, բայց չգիտես ինչու չէի ուզում կախել լսափողը, շարունակ ուզում էի լսել այդ ՁԱՅՆԸ:
Իսկ երբ հաջորդ օրը անծանոթ երիտասարդը ինքը զանգահարեց ինձ, հասկացա, որ համակրանքը փոխադարձ է:Այսպես կայացավ մեր ծանոթությունը:
Մենք խոսում էինք ողջ օրը, նա մի աշխարհ էր դարձել իմ համար, առանց որի արդեն դժվար էր պատկերացնել իմ կյանքը: Օրերն անցնում էին, զգում էի, որ գնալով սիրտս ջերմանում է նրա հետ խոսելիս, աչքերս վառվում էին ակամայից, իսկ ձայնս ուղղակի դողում... Երբ լսում էի նրան, զգում էի նրա արտասանած ամեն մի բառը, ու տենչում էի, երազում տեսնել նրան գեթ մեկ անգամ: Չգիտես ինչու նա չէր շտապում իրականցնելու իմ երազանքը, բայց ես հուսով սպասում էի, որ շուտով կգա այդ բաղձալի պահը: Զարմանում էի, ինքս իմ վրա, մի՞թե հնարավոր է համակրել մարդուն առանց նրան տեսնելու և առավել ևս այդքա՜ն մտածել նրա մասին: Ես չգիտեի, թե ինչպես անվանել այս զգացմունքը, մի՞թե դա սեր էր: Չէ՛ անպայման պետք է տեսնեմ նրան, որ հասկանամ ի՞նչ է սա: Գո՞ւցե ես սիրում եմ միայն նրա ՁԱՅՆԸ,- շարունակ մտածում էի այս մասին:
Երեկոյան ժամը 7 էր, երբ հեռախոսս զանգեց: Նա էր: Ես շտապեցի պատասխանել նրան:
-Բարև սիրելի՛ս, կիջնե՞ս մի րոպեով ձեր բակ, ես անակնկալ ունեմ քեզ համար: Զարմանքից ապշել էր, անգամ չհարցրի թե ի՞նչ անակնկալ է: Արագ քայլերով շտապեցի ներքև: Շուրջբոլորս նայելով փնտրում էի...... Իմ հետևում մի ծանոթ ու հարազատ ձայն լսեցի: Բայց այս անգամ ոչ հեռախոսով, այլ ինձնից ընդամենը մի քանի քայլ հեռու: Պտտվեցի: Իմ առջև մի բարձրահասակ ու սևահեր երիտասարդ էր կանգնած' ձեռքին ծաղիկների շքեղ մի փունջ: Նա էր, իմ ԳՏՆՎԱԾ ԵՐԱԶԸ, որ գրկեց ու համբուրեց ինձ: Այդ պահին հասկացա, որ սիրում եմ ոչ միայն նրա ՁԱՅՆԸ: