Թուրքիան համառորեն հրաժարվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը. Կիպրոսի խորհրդարանի հայ պատգամավոր
Թուրքիան համառորեն հրաժարվում է ընդունել իր արյունոտ անցյալը և ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այս մասին Կիպրոսի խորհրդարանում հայտարարել է հայ համայնքի ներկայացուցիչ, պատգամավոր Վարդգես Մաղդեսյանը:
Մաղդեսյանը շնորհակալություն է հայտնել Կիպրոսին, որը դարձել է առաջին եվրոպական երկրիը՝ 1975 թվականին ընդունելով Հայոց ցեղասպանության ճանաչման մասին խորհրդարանական բանաձև, հաղորդում է «Cyprus Mail»-ը:
«Իսկապես անհավատալի է, որ քաղաքակիրթ պետությունները, որոնք, ենթադրվում է, որ մարդու իրավունքների և ժողովրդավարության պաշտպաններ են, շարունակում են զիջել Թուրքիայի ճնշմանը` իր աշխարհաքաղաքական դիրքի և գնողունակության պատճառով, ինչը խանգարում է նրանց ճանաչել Հայոց ցեղասպանությունը», - ասել է Մաղդեսյանը:
Նա նշել է, որ ցեղասպանությունը ողբերգություն է, որը ցնցել է այն ժամանակվա քաղաքակիրթ աշխարհը և թողել խորը վերքեր: Խոսելով այն մասին, թե ինչու է Թուրքիան այդքան համառորեն հրաժարվում ճանաչել Հայոց ցեղասպանությունը, իսկ Գերմանիան ճանաչեց հրեաների Հոլոքոսթը, պատգամավորը նշել է, որ հիմնական պատճառները նման քայլի իրավական հետևանքներն են և դրա ազդեցությունը թուրքական հասարակության վրա:
«Թուրքիան չի ցանկանում ոչ մի ցենտ վճարել Ցեղասպանությունը վերապրածներին և նրանց սերունդներին, քանի որ անհրաժեշտ կլինի վճարել ոչ միայն հայերին, այլև հույներին, ասորիներին և, հնարավոր է, քրդերին և կիպրոսցիներին», - եզրափակել է նա: