Ո՞ր ժողովրդավարական երկրում եք տեսել, որ ընդդիմությունը գրավի Հանրային ռադիոն. տեղում դատաստան կտեսնեն. ՀՀԿ
Դրականը նկատելու համար պետք է կամեցողություն և իմաստություն: Այս մասին, այսօր՝ ապրիլի 17-ին, ԱԺ հատուկ նիստում, վարչապետի ընտրության քննարկման ժամանակ իր ելույթում նշեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
«Ես ցավում եմ, որ քաղաքական դաշտում մրցավազք է սկսել, թե ով է ավելի ընդդիմադիրը, հիմա էլ նոր մրցավազք է սկսել ժեստիկուլյացիայի, թե ով ավելի շատ ժեստերով կխոսի: Ես հորդորում եմ դադարեցնել այդ մրցավազքը: Դա վերաբերում է ընդդիմադիր դաշտի ճնշող մասին: Դա վնասում է քաղաքական դաշտին, դա է պատճառը, որ իշխանությունը չունի իրեն արժանի ընդդիմություն, իսկ դա վտանգավոր է: Որքան ուժեղ է ընդդիմությունը, այդքան զգոն է իշխանությունը»,-ընդգծեց Վահրամ Բաղդասարյանը:
Նրա խոսքով, որպեսզի ընդդիմությունը կայանա, պետք է կառուցողական ընդդիմություն, լավը տեսնող ընդդիմություն: «Այսօր կարծրատիպ է ստեղծվել, որ եթե լավը նկատի, կորցնում է իր ընդդիմադիր լինելը: Խոսում ենք ժողովրդավարական երկրներից, այդ որ ժողովրդավարական երկում եք տեսել, որ ընդդիմությունը գրավի Հանրային ռադիոն, մտնեն ուսումնական հաստատություն, դուռը ջարդեն, մտնեն վճռաբեկ դատարանի տարածք և դատավորների մեքենաները ջարդեն: Ժողովրդավարական երկրում ոստիկանները տեղում դատաստան կտեսնեն:
Իսկ այսօր մեր ոստիկանության կատարած պրոֆեսիոնալ, համբերատար աշխատանքը քննադատվում է: Ընդ որում ցույցերի կազմակերպիչը ևս բարձր է գնահատում ոստիկանության աշխատանքը, բայց այստեղ նստածները վախենում են դրականը տեսնել»,-ընդգծեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը: