Ադրբեջանում ամփոփվել են նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները
Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է ապրիլի 11-ին անցկացված նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները: Այս մասին հայտնում է Interfax.ru-ն:
Վերջնական տվյալները հայտարարել է ԿԸՀ-ի նախագահ Մազահիր Փանահովը:Նրա խոսքով՝ երկրի գործող նախագահ Իլհամ Ալիևն ստացել է ընտրողների ձայների 86.02 տոկոսը: Ալիևին հաջորդում է ինքնառաջադրված Զահիդ Օրուջը, որը հավաքել է ձայների 3.12 տոկոսը:
ԿԸՀ-ի արձանագրմամբ՝ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 74.30 տոկոսը, 12 403 ձայն անվավեր է ճանաչվել:
2016 թվականին երկրի Սահմանադրության մեջ ներմուծված փոփոխության համաձայն՝ նախագահն ընտրվում է 7 տարով:
Հիշեցնենք, որ նախօրեին Բաքվում հազարավոր մարդիկ բողոքի ցույց էին կազմակերպել՝ ընդդեմ նախագահական ընտրությունների արդյունքների կեղծման: