Ժնևում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի բացումը լայնորեն լուսաբանվել է շվեյցարական մամուլում
Ապրիլի 13-ին Ժնևի Թրամբլե զբոսայգում (Parc Trembley) Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրի մասնակցությամբ բացվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող «Հիշատակի Լապտերներ» հուշահամալիրը:
Բրոնզաձույլ տասը մետր բարձրության լամպերից բաղկացած հուշակոթողը, որը ֆրանսահայ անվանի արվեստագետ Մելիք Օհանյանի ստեղծագործությունն է, շվեյցարահայ համայնքի նվերն է Ժնև քաղաքին՝ ի նշան ժնևցիների և հայերի համատեղ պատմական հիշողության:
Ժնևի քաղաքապետարանի կողմից կազմակերպված բացման հանդիսավոր արարողությանը մասնակցեցին և ելույթով հանդես եկան Ժնևի քաղաքապետ Ռեմի Պագանին, Ժնևի 2014-15 թթ. քաղաքապետ, ներկայիս՝ մշակութային հարցերով փոխքաղաքապետ Սամի Կանաանը, Ժնևի Հանրաապետության և կանտոնի պետական խորհրդի անդամ Անտոնիո Օջերսը: Վերջիններս ընդգծեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի կարևոր նշանակությունը հավաքական բռնությունների դեմ մղվող պայքարում՝ հարգանք տուրքի մատուցելով խոցված ժողովուրդների իրավունքներին և չսպիացած հիշողություններին։
Շվեյցարահայ համայնքի՝ հուշարձանի կառուցման համակարգող հանձնախմբի համանախագահներ Վահե Գաբրաշը և Ստեֆան Կրիստենսենը, ինչպես նաև Ժամանակակից արվեստի քաղաքային հիմնադրամի տնօրեն Միշել Ֆրեյբուրգհաուսն իրենց ելույթներում անդրադարձան հուշարձանի նշանակությանը, կառուցման նախապատմությանը՝ հիշեցնելով, որ շուրջ ութ տարի կառուցման թույլտվության սպասող «Հիշատակի լապտերները», ժամանակավորապես հանգրվանելով Սուրբ Ղազարում՝ Վենետիկի ժամանակակից արվեստի փառատոնի շրջանակում, արժանացել էին վերջինիս Ոսկե Առյուծ պատվավոր մրցանակին:
Շվեյցարիայում Հայաստանի դեսպանորդ Հասմիկ Տոլմաջյանն իր խոսքում ընդգծեց, որ հայերի և ժնևցիների համատեղ պատմական հիշողությունն ու Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Հիշատակի լապտերների տեղադրումը Ժնևի՝ մարդու իրավունքների միջազգային մայրաքաղաքի հանձնառություն է՝ հանուն հիշողության իրավունքի, հանուն մարդկության դեմ գործած ոճիրների ու ժխտողականության դեմ շարունակական պայքարի:
Նա խորհրդանշական համարեց, որ հուշակոթողի բացումը տեղի է ունենում ՄԱԿ-ի կարևորագույն երկու փաստաթղթերի՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի և Ցեղասպանության ոճիրի կանխարգելման կոնվենցիայի հոբելյանական՝ յոթանասուներոդ տարում:
Հասմիկ Տոլմաջյանը նշեց, որ հուշակոթողի տասնամյա հարկադրական դեգերումներն արտացոլում են հայ ժողովրդի մազապուրծ զավակների անցած ուղին՝ միևնույն ժամանակ վերստին ընդգծելով պետության կողմից իրականացվող ժխտողականության քաղաքականության վտանգավորությունը:
ՀՀ ներկայացուցիչը հույս հայտնեց նաև, որ քսաներորդ դարի առաջին ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Լապտերները հիշատակի վայր կդառնան բոլոր զանգվածային բռնությունների անշիրիմ զոհերի ժառանգների համար:
Նա վերստին խորը երախտագիտություն հայտնեց շվեյցարացի ժողովրդին, ժնևցիներին՝ հայ ժողովրդին՝ իր պատմության ամենադժնի ժամանակահատվածում ցուցաբերած բացառիկ համերաշխության, գործված բարբարոսությունների դեմ համաժողովրդական բողոքի, ինչպես նաև Ժնևի քաղաքային և Շվեյցարիայի Ազգային խորհրդի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար: Նա նաև իր ջերմ շնորհակալությունը հայտնեց Ժնևի՝ 2008 թվականից ի վեր միմյանց հաջորդած քաղաքապետներին, Ժնևի ժամանակակից արվեստի հիմնադրամին, ինչպես նաև հայ համայնքի համակարգող հանձնախմբին՝ հուշակոթողի տեղադրման նպատակով գործադրած շուրջ տասնամյա հետևողական ջանքերի համար:
Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակի գլխավոր տնօրենի տեղակալը, Ժնևում հավատարմագրված դեսպաններ, Շվեյցարիայի դաշնային խորհրդարանի պատգամավորներ, Ժնևի Հանրապետության օրենսդիր մեծ պալատի անդամներ, Ժնևի քաղաքային խորհրդի անդամներ, լրագրողներ, ինչպես նաև հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:
Հուշակոթողի տեղադրմանը զուգահեռ Ժնևի քաղաքապետարանի և ժամանակակից արվեստի հիմնադրամի նախաձեռնությամբ քաղաքի կենտրոնում Լեմանի լճեզրի երկայնքով տեղադրվել են հուշարձանի տեղադրումն ու բացումն ազդարարող վահանակներ, ինչպես նաև Թրամբլեյ զբոսայգում բացվել է հայկական հարցի և Օսմանյան կայսրությունում հայկական ջարդերի և Հայոց ցեղասպանության վերաբերյալ շվեյցարական մամուլում 1895-1920 թթ. լույս տեսած հոդվածների ընտրանու ցուցահանդես:
Հուշակոթողի բացումը լայնորեն լուսաբանվել է շվեյցարական հանրային հեռուստատեսությամբ և ֆրանկոֆոն այլ հեռուստաալիքներով ու տպագիր մամուլում:
Տեղեկանք: 2004թ. շվեյցարահայ համայնքը դիմել է Ժնևի քաղաքային խորհրդին՝ Հայոց ցեղասպանության իննսունամյա տարելիցի կապակցությամբ Ժնևում հուշակոթող տեղադրելու խնդրանքով: Վերջինս 2008 թվականին միաձայնությամբ որոշում է կայացնում՝ հոգուտ հուշակոթողի կառուցման: Հայտարարված մրցույթի արդյունքում ութ հոգուց բաղկացած ժյուրին միաձայն մրցույթի հաղթող է ճանաչում ֆրանսիահայ արվեստագետ Մելիք Օհանյանի ներկայացրած նախագիծը: