Այս տարվա ընթացքում նախատեսվում է ավարտին հասցնել 6-7 հայկական ֆիլմ
«Հայաստանի ազգային կինոկենտրոնը» 2017-ին պետությունից ստացել է 505 միլիոն 486 հազար դրամի սուբսիդիա: Արտաբյուջեն պլանավորել է 8 միլիոն 335 հազար դրամ, փաստացի մուտք է եղել 6 միլիոն 921 հազար դրամ: Արտաբյուջեն թերակատարել է մեկ միլիոն 413 հազար դրամով:
«Ինչպե՞ս աշխատել, որպեսզի պետության միջոցներով արտադրվող ֆիլմերը նաև օգուտ բերեն մեր պետությանը: Ունե՞նք հստակ պատկերացում, թե ինչպիսի կինովարձույթ է ունեցել պետական միջոցներով արտադրված այս կամ այն ֆիլմը, կարծում եմ՝ ո՛չ: Ես խնդիրը բարձրաձայնում եմ, որպեսզի վերահսկման մեխանիզմներ սահմանենք»,-Ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանին ու մյուս ներկայացուցիչներին դիմել է Մշակույթի նախարարի պաշտոնակատար Արմեն Ամիրյանը և հավելել.
«2018-ին 6-7 ֆիլմ եք նախատեսում ավարտին հասցնել: Պայմանավորվե՛ք կինոցուցադրողների հետ, որ այդ ֆիլմերի ցուցադրությունից պետությունը պետք է հասույթ ունենա կնքվող պայմանագրով նախատեսվող տոկոսադրույքի չափով: Ամրագրված սկզբունք, որը մինչ օրս չի պահպանվել: Արդյունքում 2016-ին, օրինակ, պետական ֆինանսավորում ստացած ֆիլմերի ցուցադրության հասույթը կազմել է ընդամենը երեք միլիոն դրամ: Համենայնդեպս, այդ ցուցանիշն է ներկայացրել Կինոկենտրոնի նախկին տնօրեն Գևորգ Գևորգյանը»:
Նա ընդգծել է, որ պետությունը տարեկան ավելի քան 505 միլիոն դրամ է հատկացնում ֆիլմարտադրությանը, սակայն չկա որևէ տեղեկատվություն, թե քանի մարդ է հաղորդակցվում հայկական կինոյին: Ըստ նրա, անհրաժեշտ է ունենալ այդ վիճակագրությունը, որպեսզի պետությունը միջոցներ տրամադրի հատկապես այն ֆիլմերին, որոնք հետաքրքում են հանդիսատեսին, որոնք նպաստում են հայ կինոյի զարգացմանն ու հանրահռչակմանը:
Նախարարի պաշտոնակատարը նշել է, որ դաշտը կարգավորելու համար պետք է մշակել հստակ սկզբունքներ:
«Որպես պետություն մենք պարտավոր ենք սովորեցնել, աշխատել մեր պրոդյուսերների հետ, անհրաժեշտության դեպքում դիմել նաև միջազգային մասնագետների օգնությանը, որպեսզի նրանք ավելի ակտիվ լինեն դաշտում: Եկե՛ք այդ մարդկանց ազնիվ, արդար դաշտ բերենք : Ես համոզված եմ, որ նրանց մեջ շատ կան տաղանդավոր մարդիկ»,-ասել է Ամիրյանը: