Սկրիպալների թունավորման համար օգտագործվել է BZ նյութը. Լավրով
Շվեյցարիայի հետազոտական կենտրոնը, որը հետազոտության է ենթարկել Սոլսբերիում տեղի ունեցած դեպքի վայրից ՔԶԱԿ-ի փորձանմուշները, հայտարարել է, որ Սկրիպալների թունավորման համար օգտագործվել է BZ նյութը, որը գտնվել է ԱՄՆ-ի և Բրիտանիայի սպառազինման մեջ: Լավրովի խոսքով Ռուսաստանում և ԽՍՀՄ-ում այն չի արտադրվել: Այս մասին գրում է Ria.ru-ն:
Նախարարը նշել է, որ գաղտնի պայմաններում Մոսկվան Շվեյցարիայի ճառագայթային և քիմիաճառագայթային հետազոտական կենտրոնից ստացել է Սոլսբերիի նմուշների ուսումնասիրության արդյունքները: Դրանք ՔԶԱԿ-ի կողմից դեպքի վայրից հավաքած փորձանմուշներն են եղել, որոնք կազմակերպության փորձագետներն ուղարկել են Շպից: Մասնագետներն ուսումնասիրությունն ավարտել էին մարտի 27-ին:
«Քննության արդյունքների հիման վրա նմուշներում հայտնաբերվել են BZ քիմիական նյութի հետքերը և նրա պրեկուրսորները, որոնք Քիմիական զենքի արգելման կոնվենցիայի համաձայն վերաբերում են երկրորդ կատեգորիայի քիմիական զենքին: BZ-ն նյարդակաթվածային նյութ է, որը ժամանակավորապես կաթվածահար է անում մարդուն: Թունավորման ազդեցությունն ի հայտ է գալիս կիրառումից 36 րոպե անց և մինչև 4 օր է տևում»,- ասել է Լավրովը և հավելել.
«Հաշվի առնելով այն, որ տուժածները՝ Յուլիա Սկրիպալը և ոստիկանն արդեն դուրս են գրվել հիվանդանոցից, իսկ Սերգեյ Սկրիպալը, ինչպես հաղորդում են բրիտանացիները, ապաքինվում է, կլինիկական պատկերն ավելի նման է հենց BZ թունավոր նյութի կիրառմանը»: