Եվրոպայի հայերի համագումարը ողջունել է Հայաստանում սկսված պայքարը. հայտարարություն
Եվրոպայի հայերի համագումարը ողջունում է հայրենաբնակ ժողովրդի հանուն հզոր, արդար և արժանապատիվ պետություն ունենալու ձգտումը և այդ ուղղությամբ նրա օրինական պայքարը։ Այս մասին հայտարարություն է տարածել Եվրոպայի Հայերի Համագումարը:
Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.
«Հայաստանի Հանրապետության քաղաքական դիմագծի մեջ իշխանության լիակատար յուրացման և իշխանական բոլոր լծակների գրավման ընթացքը կյանքի է կոչել այնպիսի օրենքներ և որոշումներ, որոնք, ըստ էության, գալիս են ոչ թե հաստատելու և ամրապնդելու Խորհրդարանական համակարգը, այլ անհեթեթ աճպարարությամբ և խեղաթյուրումներով դյուրացնելու և հաստատելու առկա իշխանության վերարտադրումը:
Իշխանության գործունեության արդյունքում, ցավոք, ոչ թե ապահովվել է երկրի լիարժեք անվտանգությունը, զարգացումը, ընկերային արդարությունը և քաղաքացիների բարեկեցությունը, այլ իրենք իրենց առանձնաշնորյալներ համարող փոքրաթիվ մի խմբի շահերի ու քմահաճույքի հաշվին աղքատացել են Հայաստանի բնակչության ստվար զանգվածներ և հարյուր հազարավորներ լքել են երկիրը: Գաղթ, որ պաշտոնական տվյալների համաձայն շարունակվում է՝ ամեն տարի ստանալով ավելի լայն մասշտապներ։
Հայաստանի Հանրապետությունում քաղաքական հալածանքը, քաղաքական բանտարկյալների առկայությունը, դատական վրեժխնդրությունը, երկարաժամկետ անհեթեթ պատիժներն ու ազատազրկումներն օր օրի մեծ ծավալներ են ստանում, ինչն ավելի է խորացնում երկրում առանց այդ էլ առկա լարվածությունների բևեռացումը, որի արդյունքում մի կողմից կացնահարվում է պատերազմի մեջ գտնվող ժողովրդի համերաշխությունն ու միասնությունը, իսկ մյուս կողմից՝ խայտառակում հայկական պետականության անունն ու համբավը միջազգային հարթակներում։
Ժողովրդի անվիճելի իրավունքն է ազատորեն ընդիմանալ ցանկացած անօրինության և կամայականության՝ հաստատելով իր կամքն ու ցանկությունը, անկախ կիրառված օրինախախտումների բնույթից և ժամանակից։
Եվրոպայի Հայերի Համագումարը պաշտպանում և աջակցում է իր իրավունքների համար պայքարող Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներին և կոչ է անում աշխարհով մեկ սփռված մեր հայրենակիցներին անտարբեր չմնալ, քանզի կշեռքին դրված է մեր պետականության ճակատագիրը: Սփյուռքը իր հայրենիքի նկատմամբ ունի իրավունքներ և պատասխանատվություններ, ուստի պետք է ունենա մասնակցություն և ներկայություն:
Յուրաքանչյուր պայքար վերջնական հաջողության է հասնում միմիայն ժողովրդի մասսայական առկայության, հետևողականության և հեռատես ու ողջամիտ ղեկավարության շնորհիվ, որի առկայության դեպքում ցանկացած խոչընդոտ դառնում է հաղթահարելի:
Ազատ, ինքնիշխան և ժողովրդավարական հայրենիքի ստեղծումը գերագույն նպատակ է»: