ՀՀ նախագահն այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին (լուսանկարներ)
Ապրիլի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպեց Հայաստանի Հանրապետության նախագահ տիար Արմեն Սարգսյանի և առաջին տիկին Նունե Սարգսյանի հետ:
Վեհափառ Հայրապետն իր շնորհավորանքները բերեց ՀՀ նախագահին երդմնակալության արարողության առիթով` վստահություն հայտնելով, որ պետական կառավարման ոլորտում նրա հարուստ փորձառությունը պիտի լավագույնս ծառայեցվի երկրի առաջընթացին` արդարացնելով ժողովրդի սպասումները թե´ հայրենիքում և թե´ Սփյուռքում:
Նորին Սրբությունը հաստատեց, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պիտի շարունակի զորավիգ լինել հայրենի իշխանություններին ու ՀՀ նախագահին հայոց անկախ պետականության զորացման և առկա մարտահրավերների հաղթահարման գործում և կարելին անել ի սեր և ի բարօրություն հայրենիքի ու ժողովրդի: