Գեղարքունիքի 7 բնակավայրում կկառուցվեն ջրամատակարարման և ջրահեռացման համակարգեր
Գեղարքունիքի մարզի Սևան և Վարդենիս քաղաքներում, Ծաղկունք, Ծաղկաշեն, Գեղհովիտ, Սեմյոնովկա գյուղերում «Գերմանական վերակառուցման բանկի», «Եվրոպական ներդրումային բանկի»,«ԵՄ-հարևանության ներդրումային ծրագրի» ֆինանսական միջոցներով կմեկնարկեն ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի կառուցման աշխատանքները:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչությունից, ծրագրերի իրականացման ընդհանուր արժեքը կազմում է 9 միլիարդ 948 միլիոն դրամ, որից 4 միլիարդ 500 միլիոն դրամը հատկացվելու է Սևան քաղաքի կեղտաջրերի մաքրման կայանի, 426 միլիոն դրամը՝ ջրահեռացման համակարգի կառուցմանը: Ջրամատակարարման համակարգերի կառուցման համար Գագարինում կհատկացվի 754 միլիոն, Սեմյոնովկայում՝ 289, Ծաղկաշենում՝ 416 միլիոն 700 հազար, Ծաղկունքում՝ 703 միլիոն, Վարդենիսում՝ 1 միլիարդ 75 միլիոն, Գեղհովիտում՝ 1 միլիարդ 783 միլիոն դրամ:
«Գագարինի, Ծաղկաշենի, Ծաղկունքի, Սեմյոնովկայի ջրամատակարարման համակարգերի և Սևանի կոլեկտորի կառուցման նախագծման աշխատանքներն ավարտվել են, իսկ Վարդենիսի և Գեղհովիտի ջրամատակարարման համակարգերի և Սևանի կեղտաջրերի մաքրման կայանի կառուցման նախագծային աշխատանքները կավարտվեն այս տարվա մայիսին: Շինարարական մրցույթների անցկացումից հետո կհստակեցվեն շինարարական աշխատանքների մեկնարկի և ավարտի ժամկետները: Ամենայն հավանականությամբ, շինարարական աշխատանքների մեկնարկը կտրվի օգոստոս-սեպտեմբերին»,-նշեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Զոհրաբյանը: