Հայաստանի դեսպանը ՌԴ ԱԳ փոխնախարարի հետ քննարկել է Սիրիայում քրիստոնյաների վիճակը
Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Բոգդանովի հետ քննարկել է սիրիական ճգնաժամը և Մերձավոր Արևելքի տարածաշրջանում քրիստոնյաների վիճակը:
«Հանդիպման ընթացքում քննարկվել է Մերձավոր Արևելքում իրավիճակը, մասնավորապես Սիրիայում հակամարտության կարգավորման խնդիրն ու տարածաշրջանում քրիստոնյաների վիճակը»,- այդ մասին տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական կայքը:
Զինված հակամարտությունը Սիրիայում շարունակվում է 2011 թվականից:
Սիրիայում հայկական համայնքը համարվում է ամենահզորներից մեկը և մինչ հակամարտությունն այդ երկրում հայերի թիվը հասել է 110 հազարի:
Հիմնականում նրանք ապրել են Հալեպում, Դամասկոսում, Լաթաքիայում, Քեսաբում և Էլ-Ղամիշլիում: