Բարեգործության մասին օրենքը փոփոխության է ենթարկվում
Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարում «Բարեգործության մասին» օրենքում:
Օրենքի նախագիծը նպատակ ունի բարեգործության բնագավառում ներկայում գործող կարգավորումները համապատասխանեցնել 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության պահանջներին:
Մասնավորապես, նախագծով սահմանվում է, որ վարչապետի որոշմամբ ստեղծվում է բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողով, որը լիազորված մարմնին առաջարկություններ է ներկայացնում օրենքով սահմանված լիազորված մարմնի գործառույթների իրականացման վերաբերյալ: Խորհրդակցական հանձնաժողովի կազմը և կանոնադրությունը հաստատվում է վարչապետի որոշմամբ:
Նախագծով տրվում են լիազոր մարմնի գործառույթները, այդ թվում՝ օրենքով սահմանված բարեգործության նպատակների իրականացմանն ուղղված ծրագրերը որպես բարեգործական որակումն ու գրանցումը, ծրագրի` բարեգործական որակումը փոփոխելը կամ չեղյալ ճանաչելը, իսկ եթե նման որակումը բխում է այլ իրավական ակտից, ապա այդ որակումը փոփոխելու մասին առաջարկություն ներկայացնելը տվյալ իրավական ակտն ընդունած մարմին, բարեգործական ծրագրերի հետ անմիջականորեն կապված և դրանց համար զգալի նշանակություն ունեցող ապրանքների և ծառայությունների շրջանակը որոշելը և այլն:
Միաժամանակ, սահամանվում է, թե որ ծրագրերն են ենթակա բարեգործական որակմանը և որոնք կարող են որակվել որպես հարկային արտոնություններ ստացող: