Հպարտություն և զարթոնք. ինչը կստիպի Արմեն Սարգսյանին կոտրել յուր պաշտոնի շուրջ ձևավորված կարծրատիպը
Այսպիսով՝ Հայաստանն ունի նոր նախագահ՝ թվով չորրորդը, սակայն առաջինը՝ փոխված Սահմանադրությունից հետո։ Լիազորությունների սահմանափակումն, իհարկե, առաջին ատրիբուտն է, որ աչքի է զարնում այս օրերին, սակայն, ինչպես ամեն ինչ այս կյանքում, Արմեն Սարգսյանի դեպքում էլ նախագահի պաշտոնի այս ձևաչափը բոլորովին նոր է։ Նոր նախագահի ինստիտուտի վերաբերյալ չունենք ձևավորված ավանդույթ, ու այդ ավանդույթը ձևավորողի դերը վերապահված է Արմեն Սարգսյանին։
Հայաստանի հասարակությունն առհասարակ, ինչպես հետսովետական մարդը, մեծ ակնկալիքներ ունի նախագահից, մանավանդ այն դեպքում, երբ երկիրը մշտապես առնչվում է արտաքին վտանգների հետ։ Սրանք ավելի են դժվարացնում երկրի առաջին դեմքի գործառույթները, որովհետև պատասխանատվության ահռելի չափաբաժինը հենց նրանն է թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքական խնդիրներում։ Եվ թող չթվա, որ նոր Սահմանադրությամբ հասարակությունը միանգամից դադարելու է նախագահից քիչ պահանջել կամ պահանջել այնքան, ինչքան թույլ է տալիս նոր Սահմանադրությունը։ Տակավին ոչ։
Թեկուզ իներցիոն բնույթով, հասարակությունը դեռ մի տևական ժամանակ էլ շարունակելու է բարօրություն ու սոցիալական պաշտպանվածություն ակնկալել, հետևաբար Արմեն Սարգսյանի համար իսկապես դժվար է լինելու սկզբում։ Նա չի կարող բացահայտ ասել՝ ժողովուրդ, ես այն չեմ, ինչ դուք մտածում եք, չի էլ կարող ձեռքերը քշտել ու անցնել համակարգի զտման գործին։ Նրան հրավիրողները գոնե սկզբնական շրջանում դա թույլ տալ չեն կարող, հետևաբար Սարգսյանը նոր մեթոդ պիտի մշակի հասարակության հետ իր հարաբերությունները կառուցելու գործում։
Հպարտությունը չի թողնի միանգամից հանձնվել, իսկ ողջամտությունն ու փորձը պետք է որ ստիպեն հանդես գալ ավելի կոնկրետ գործողություններով ու արդյունավետ քայլերով։
Գրիգոր Սաղաթելյան. Ֆեյսբուք: