Գերմանիայում Երկրորդ համաշխարհայինից մնացած՝ 1.8 տոննա քաշով ռումբ է հայտնաբերվել. ավելի քան 26 հազար մարդ է տարհանվել քաղաքից
Գերմանիայի Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիա երկրամասի Պադերբորն քաղաքում ավելի քան 26 հազար մարդ է տարհանվել՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից մնացած ռումբը վնասազերծելու համար: Այս մասին հաղորդում է DPA գործակալությունը:
Աղբյուրը մանրամասնում է, որ 1.8 տոննա քաշով բրիտանական ռումբը հայտնաբերվել է մեկուկես շաբաթ առաջ՝ տներից մեկի պարտեզում: Ռումբը գտնվել է 80 սմ խորության վրա, ահա թե ինչու դրա վնասազերծումը կարող է մեծ ավերածությունների բերել:
Իշխանությունները տարհանում են հայտարարել ռումբի գտնվելու վայրից 1.5 կմ շառավղով տարածքում: Տարհանման ենթակա հաստատությունների թվում է երկու հիվանդանոց, մի քանի ծերանոց և մի համալսարան: Դրանից բացի, իրենց տները ստիպված են լքել քաղաքի պատմական կենտրոնի առանձին թաղամասերի բնակիչներ:
Նշվում է, որ տարհանված անձանց համար ժամանակավոր կացարաններ են կազմակերպվել: Ոստիկանները, հրշեջները, արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցները և ավելի քան հազար կամավոր զբաղվում են տարհանման աշխատանքներով: