Հստակեցվել է Գերմանիայում հարձակման զոհերի թիվը, իսկ վարորդը հոգեկան շեղումներ է ունեցել
Գերմանական Մյունստերում հարձակման զոհեր են դարձել երկու մարդ, երրորդ զոհը եղել է բեռնատարի վարորդը, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա դաշնային հողի Ներքին գործերի նախարար Հերբերտ Ռոյլը: Այս մասին գրում է Ria.ru-ն:
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ տղամարդը, որը բեռնատարով վրաերթի է ենթարկել մի խումբ անցորդների, գերմանացի է եղել, որը հոգեկան շեղումներ ուներ: Այս մասին հայտնում է «Դոժդ» հոռուստաալիքի կայքը՝ հղում անելով գերմանական լրատվամիջոցին:
Աղբյուրի տվյալներով՝ տղամարդը ծնվել է 1969-ին: Ոստիկանության աշխատակիցները խուզարկություն են անցկացնում նրա տանը: Նշվում է, որ դեռևս հանցանշաններ չկան՝ կատարվածը ահաբեկչություն որակելու համար:
Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հարձակումն անվանել է բռնության զազրելի և ահավոր դրսևորում, և աջակցություն է հայտնել զոհերի հարազատներին ու տուժածներին:
Ականատեսներից ոմանք նշել էին, որ բեռնատարում մի քանի հոգու են նկատել վրաերթի պահին:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ Գերմանիայի Մյունստեր քաղաքում բեռնատարը մխրճվել է մարդկանց խմբի մեջ, կար 3 զոհ և մոտ 50 վիրավոր: