Հայ արիները Մեծամորում նշեցին Բնության Զատիկը՝ Աստվածամայր Անահիտի տոնը
Ապրիլի 7-ին Հայ Արիական Միաբանության և Հայ Ազգայնականների Համախմբման անդամները Մեծամորի (Մեծամոր - Մեծ Մոր - Աստվածամոր - Մայր Անահիտի) տարածքում արևածագը դիմավորեցին Հայոց Մայր Աստվածուհուն ուղղված ձոնով:
Մեկնարկեց հայ արիների ավանդական զատկական տոնը, որ կավարտվի վաղը՝ Հայոց սրբազան տոմարով Արեգ ամսվա Անահիտ օրը:
Հայ Արիական Միաբանության և Հայ Ազգայնականների Համախմբման անդամները այս տոնին առանձնակի շուքով են պատրաստվում:
Զատիկը բնական տոն է, երբ բնությունը զատելով իր գույները՝ բազմազանությամբ-գունագեղությամբ է լցնում մարդկանց սրտերը: Մեկ օր առաջ տոնի մասնակիցներից մի քանի տարեց կանայք՝ մամիկներ, ուշ երեկոյան հավաքվում են հայ արիների առաջնորդ Արմեն Ավետիսյանի տանը և կաթնահունց գաթաներ թխում: Գաթաներից մեկի մեջ դնում են Մայր Անահիտի պատկերով արծաթե մատանի:
Այսօր ձոնից հետո Հայ Արիական Միաբանության Հոգևոր հանձնախմբի Քրմական դասի ներկայացուցիչը՝ քուրմ Արմոգը ներկաներին բաժանեց այդ կաթնահունց գաթաները: Ում գաթայից Մայր Անահիտի պատկերով արծաթե մատանի դուրս գար, նրա օջախում էլ կշարունակվեր տոնը և նրան էլ կտրվեր մատանին որպես նվեր՝ ձվախաղը սկսելու պատվի առիթով:
Այնուհետեւ հայ արիների ու համախմբված ազգայնականների անդամները կգնան Մայր Արաքսի մոտ՝ ապրիլի 8-ի լուսադեմը Մայր Անահիտին ուղղված ձոնով սկսելու:
Մայր գետի մոտ հատուկ ծես կարվի՝ ի աջակցություն մեր բանակի, մեր զինվորների, որպեսզի նրանց մայրերի խոսքն, ինչպես զորավոր ձոն, հասնի Մայր Անահիտին ու Տիեզերքից նոր զորությամբ պաշտպան կանգնի մեր քաջերին:
Ծեսից հետո Հայ Արիական Միաբանության Հոգեւոր հանձնախմբի Քրմական դասի ներկայացուցիչները Մայրի Արաքսի ջրերին ցորենի հատիկներ կխառնեն՝ ի նշան այս տարում հողի առատ պտղաբերության: Հայ արիների եւ համախմբված ազգայնականների այն անդամները, ովքեր հողագործներ են, իրենց տուն Արաքսի ջուր կտանեն՝ սեփական հողամասերում առաջին հատիկը Մայր գետի ջրով ցողելու համար: