Ինչպե՞ս է Արամ Աթեշյանը ծախսում Պոլսո Հայոց պատրիարքարանի բյուջեն. «Ակօսը» հրապարակել է տարեկան բյուջեի հաշվետվությունը
Ստամբուլահայ մամուլում է հայտնվել Պոլսո Հայոց պատրիարքարանի 2017 թվականի բյուջեն, որը հրապարակվել էր անցյալ շաբաթ Սուրբ Զատիկի նախօրեին պատրիարքարանում հատուկ ընդունելության ժամանակ:
Ինչպես գրում է «Ակօսը», 2017-ին պատրիարքարանը ծախսել է 1 մլն 787 000 թուրքական լիրա՝ նախատեսված 1 մլն 739 000-ի փոխարեն՝ այպիսով 48 059 լիրայի պակասորդ տալով:
Պարբերականն այս թիվը համեմատել է 2016 թվականի տվյալների հետ ու պարզել, որ ամենից շատ գումարները ծախսվել են «Հասարակայնության հետ կապերի զարգացման» համար: Եթե 2016-ին նույն նպատակով պատրիարքարանը ծախսել էր 33 084 թուրքական լիրա, ապա 2017-ին այս թիվը հասել է 135 404 լիրայի:
Ընդ որում՝ գումարների մեծ մասը ծախսվել է մինչ 2017-ի մարտի երկրորդ կեսը, այսինքն այն ժամանակ, երբ Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի պաշտոնում ընտրված ու վերջերս Ստամբուլից հեռացած Գարեգին աքրեպիսկոպոս Բեկչյանը դեռ Պոլսո Հայոց պատրիարքական չէր ժամանել:
Բացի այդ՝ պարբերականը հիշեցնում է, որ Ստամբուլ ժամանելու առաջին օրերին Բեկչյանը հայտնել էր, որ իրեն չեն տրամադրվել պատրիարքարանի բյուջեի հետ կապված համապատասխան հաշվետվությունները, ինչից պարզ է դառնում, որ վերոնշյալ գումարները տնօրինվել են պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի կողմից:
«Նման աստղաբաշխական աճի ու դրա պատճառների մասին հետաքրքրքվեցինք Պետրոս Մարզույանից, որը պատրիարքարանում բյուջեի հարցերով պատասխանատուն է: Պարզվեց, որ պատրիարքարանի կողմից արված պաշտոնական հայտարարությունների ու գրությունների համար ամենից շատ գումար տրամադրվել է «Ժամանակ» օրաթերթին՝ 100 000 թուրքական լիրա, ևս 30 000 լիրա բաժին է հասել «Մարմարա» հայկական օրաթերթին», - գրում է «Ակօսը»:
Համայնքում ուշադրություն են հրավիրվում հատկապես այն փաստի վրա, որ հենց վերոնշյալ երկու պարբերականներն են հիմնականում աջակցում Աթեշյանին տարբեր իրավիճակներում ու հաճախ հրաժարվում լուսաբանել Աթեշյանի ընդդիմախոս անհատների կամ կազմակերպությունների միջոցառումները: