Անկեղծորեն հավատում եմ, որ Նարեկացու արձանը կդառնա աշխարհի բոլոր քրիստոնյաների սիրելի հուշակոթողը. Միքայել Մինասյան (լուսանկարներ)
«Երեկվա օրն իսկապես պատմական էր, զգացողություններն ու տպավորությունները՝ անմեկնելի: Մինչդեռ օրերն ու իրադարձությունները մոռացվելու հատկություն ունեն, մի օր չենք լինի և մենք՝ մեզ հետ տանելով մեր հիշողությունները, բայց Գրիգոր Նարեկացու՝ Վատիկանի այգիներում տեղադրված արձանը հավերժ կմնա սերունդներին»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Սուրբ Աթռում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը:
Նա ընդգծել է, որ Նարեկացու բրոնզաձույլ արձանը Հայաստանի մի մասնիկն է Սուրբ Աթոռում:
«Արձանի վրա պատկերված է աստվածային գիրքը՝ «Նարեկը»: Արձանի դիմացի մասում հրեշտակն ու նռնենին է, ետնամասում կտուցով խաղաղություն բերող աղավնին` Նարեկացու աղավնին: Հեղինակը՝ Դավիթ Երևանցին, ցանկացել է, որ Նարեկացու արձանը կամուրջ դառնա երկնքի ու երկրի միջև և փայլուն կերպով իրականացրել է գաղափարը: Արձանը բացելն ու այն աշխարհին ներկայացնելն ինձ համար մեծ պատիվ և պատասխանատվություն էր:
Ես անկեղծորեն հավատում եմ, որ Նարեկացու արձանը կդառնա աշխարհի բոլոր քրիստոնյաների սիրելի հուշակոթողը: Ի սրտե շնորհակալ եմ բոլորին, ովքեր ֆիզիկապես ու հոգեպես մեր կողքին էին այս պատմական իրողության կայացման ընթացքում»,-գրել է դեսպանը: